Լեհաստանի հավաքականի ու Թուրինի «Յուվենտուսի» նախկին դարպասապահ Վոյցեխ Շչեսնին հայտարարել է կարիերան ավարտելու մասին:
«2006 թվականին ես լքեցի իմ հարազատ քաղաք Վարշավան, որպեսզի միանամ «Արսենալին» և կատարեմ առաջին երազանքս՝ ապրուստի գումար վաստակել ֆուտբոլ խաղալով: Ես չգիտեի, որ դա ճանապարհորդություն է ամբողջ կյանքի երկարությամբ: Չգիտեի, որ խաղալու եմ աշխարհի ուժեղագույն թիմերում և 84 անգամ ներկայացնելու եմ իմ երկրի հավաքականը:
Ես ոչ միայն կատարեցի իմ երազանքը, այլ նաև հայտնվեցի այնտեղ, որտեղ երևակայությունս չէր հասնի: Խաղացել եմ պատմության լավագույն ֆուտբոլիստների հետ ու երբեք ինձ թերարժեք չեմ զգացել: Ես ընկերներ եմ ձեռք բերել ամբողջ կյանքի համար: Այն ամենը, ինչ ունեմ և ինչպիսին եմ, պարտական եմ ֆուտբոլին»,- սոցիալական էջերում գրել է 34-ամյա դարպասապահը։
Հիշեցնենք, որ Վոյցեխ Շչեսնին 2017 թվականից էր խաղում «Յուվենտուսում», որին հրաժեշտ էր տվել այս ամռանը։ Ակումբային կարիերայում դարպասապահը հանդես է եկել նաև անգլիական «Արսենալում», «Բրենթֆորդում» ու իտալական «Ռոմայում», իսկ 2009-2024 թթ․ 84 հանդիպում է անցկացրել Լեհաստանի հավաքականի կազմում։