«Նոայի» հարձակվող Մաթեուս Այասը խոսել է «Լեգիայի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի 5-րդ տուրի խաղում տարած հաղթանակի (2-1) մասին։
«Խելահեղ երեկո էր։ Առաջին կեսում, երբ գոլ ընդունեցինք ու գնացինք ընդմիջման, խոսում էինք, որ սա չի կարող պատահել։ Այս երկրպագուները և ոչ միայն մարզադաշտից հետևող երկրպագուները, բոլորն արժանի են միայն հաղթանակի։ Այս հաղթանակը նրանց համար է։ Նրանք արժանի են տոնել այս հաղթանակը բոլորիցս շատ»,- ասել է բրազիլացի ֆուտբոլիստը։
28-ամյա հարձակվողը Լեհաստանի գավաթակրի դեմ խաղում խփել է իր թիմի առաջին գոլը` հավասարեցնելով հաշիվը։ Հայաստանի չեմպիոնից 82-րդ րոպեին դարպասի գրավմամբ աչքի է ընկել Նարդին Մուլահուսեյնովիչը` հաղթանակ պարգևելով «Նոային»։
Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմը 8 միավորով 17-րդ տեղում է և գործնականում ապահովել է տեղը Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆում։
«Նոան» Լիգայի փուլի վերջին` 6-րդ տուրում դեկտեմբերի 18-ին Լեհաստանի Լյուբլին քաղաքում կմրցի Կիևի «Դինամոյի» դեմ, մեկնարկը` ժամը 23:55-ին։
Կոնֆերենցիաների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


