«Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշար Ավստրալիայի բաց առաջնությունում մեկնարկել է 1/8 եզրափակիչ փուլը:
Տղամարդկանց պայքարում քառորդ եզրափակիչ է դուրս եկել աշխարհի երրորդ ռակետ Կառլոս Ալկարասը: Իսպանացին մրցել է բրիտանացի Ջեք Դրեյփերի դեմ: Աշխարհի 18-րդ ռակետը երկրորդ սեթից հետո վնասվածք է ստացել և չի շարունակել պայքարը: Ալկարասը հաղթում էր 7-5, 6-1 հաշվով:
Կանանց մրցաշարում էլ քառորդ եզրափակիչ են դուրս եկել աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան և երրորդ ռակետ Քորի Գաուֆը:
Բելառուս Սաբալենկան 6-1, 6-2 հաշվով հաղթել է աշխարհի 15-րդ ռակետ, ռուս Միրա Անդրեևային: Մրցախաղը տևել է 1 ժամ 2 րոպե:
Ամերիկուհի Գաուֆն էլ 5-7, 6-2, 6-1 հաշվով կամային հաղթանակի է հասել Շվեյցարիան ներկայացնող Բելինդա Բենչիչի հետ պայքարում: Մրցախաղը տևել է 2 ժամ 26 րոպե: