Բիլբաոյի «Աթլետիկի» կիսապաշտպան Ալեքս Բերենգերը կարողացել է կանխել հափշտակողների՝ իր տուն ներխուժումը, գրում է ABC՝ հղում կատարելով El Correo-ին:
Հունվարի 27-ի երեկոյան երեք զինված մարդիկ ներխուժել են բասկ ֆուտբոլիստի տան այգի: Նկատելով նրանց՝ ֆուտբոլիստը փակել է ամրացված ապակիով տան մուտքի դուռը: Չարագործները փորձել են դուռը տեղահան անել երկաթյա ձողի միջոցով, բայց չեն կարողացել: Նրանք նաև ատրճանակ են պահել 29-ամյա ֆուտբոլիստի վրա, որպեսզի ստիպեն բացել դուռը:
Կնոջ հետ տանը մնացած Բերենգերը միացրել է ահազանգը և զանգահարել ոստիկանություն: Չարագործները դրանից հետո հեռացել են Porsche Cayenne ավտոմեքենայով: