Նովակ Ջոկովիչը թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնությունում հաղթելուց ու «Մեծ սաղավարտի» մրցաշարերում 24-րդ տիտղոսը նվաճելուց հետո դարձյալ դարձել է աշխարհի առաջին ռակետ։
ATP-ի դասակարգման աղյուսակում սերբ թենիսիստը շրջանցել է իսպանացի Կառլոս Ալկարասին, որը չէր կարողացել պաշտպանել US Open-ի հաղթողի տիտղոսը։ Եզրափակիչում 36-ամյա Ջոկովիչին պարտված ռուս Դանիիլ Մեդվեդևը պահպանել է երրորդ տեղը։
Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը նահանջել է 4 աստիճան և 15-րդ տեղում է։ Խաչանովը վնասվածքից հետո կորտ վերադառնալուց հետո պարտվել էր US Open-ի առաջին շրջանում։
Կանանց պայքարում ևս առաջին ռակետը փոխվել է։ Բելառուս Արինա Սոբոլենկոն շրջանցել է լեհ Իգա Շվյոնտեկին, որը WTA-ի դասակարգման աղյուսակի առաջին տեղը զբաղեցնում էր 75 շաբաթ։ US Open-ի եզրափակիչում Արինա Սոբոլենկոյին հաղթած ամերիկուհի Կորի Գաուֆը եզրափակում է լավագույն եռյակը։
Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանն առաջադիմել է 3 աստիճան ու զբաղեցնում է 63-րդ տեղը։