Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) թարմացրել է դասակարգման աղյուսակը։
Լավագույն տասնյակում մի շարք փոփոխություններ են տեղի ունեցել։ Առաջատարը շարունակում է մնալ իտալացի Յանիկ Սիները (11330 միավոր)։ Փարիզի «Մասթերսը» հաղթելու շնորհիվ երկրորդ տեղ է բարձրացել Ալեքսանդր Զվերևը (Գերմանիա, 7715), որը շրջանցել է Կառլոս Ալկարասին (Իսպանիա, 7210)։
Փարիզի մրցաշարի նախորդ տարվա հաղթող Նովակ Ջոկովիչը (Սերբիա, 5210) տիտղոսը չպաշտպանելու պատճառով կորցրել է 1000 միավոր և նահանջել 5-րդ տեղ։ «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթողին շրջանցել է ռուս Դանիլ Մեդվեդևը (5230)։
Լավագույն տասնյակում են նաև Թեյլոր Ֆրիցը (ԱՄՆ, 4300), Կասպեր Ռուդը (Նորվեգիա, 3855), Ալեքս Դե Մինորը (Ավստրալիա, 3745), Անդրեյ Ռուբլյովը (Ռուսաստան, 3720) և Գրիգոր Դիմիտրովը (Բուլղարիա, 3340)։
Փարիզի «Մասթերսի» կիսաեզրափակիչ հասնելու շնորհիվ լավագույն քսանյակ է վերադարձել Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը, որը բարելավել է դիրքը երկու տեղով և 2445 միավորով բարձրացել 19-րդ տեղ։
WTA-ն նույնպես հրապարակել է թենիսիստուհիների դասակարգման թարմացված աղյուսակը։ Առաջատարը 9016 միավորով շարունակում է մնալ Արինա Սաբալենկան (Բելառուս)։ Նրան հաջորդում են Իգա Շվյոնտեկը (Լեհաստան, 7970), Կոկո Գաուֆը (ԱՄՆ, 5230), Յասմին Պաոլինին (5144) և Ելենա Ռիբակինան (Ղազախստան, 4971)։
Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը նահանջել է մեկ տեղով և 1182 միավորով 44-րդն է։


