Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) թարմացրել է դասակարգման աղյուսակը։
Լավագույն հնգյակում փոփոխություն տեղի չի ունեցել։ Առաջատարը շարունակում է մնալ իտալացի Յանիկ Սիները (11920 միավոր), որին հաջորդում են Կառլոս Ալկարասը (Իսպանիա, 7120), Ալեքսանդր Զվերևը (Գերմանիա, 6795), «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչը (Սերբիա, 6210) և Դանիլ Մեդվեդևը (Ռուսաստան, 5530)։
Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Ղազախստանում կայացած Ալմաթիի ATP-250 շարքի մրցաշարում հաղթելուց հետո դիրքը բարելավել է երկու տեղով և այժմ 1985 միավորով 24-րդն է։
WTA-ն նույնպես հրապարակել է թենիսիստուհիների դասակարգման թարմացված աղյուսակը, որտեղ առաջատարի փոփոխություն է եղել։ Բելառուս Արինա Սաբալենկան (9706) շրջանցել է լեհ Իգա Շվյոնտեկին (9665) և բարձրացել առաջին տեղ։
Հնգյակում են նաև Կոկո Գաուֆը (ԱՄՆ, 5963), Ջեսիկա Պեգուլան (ԱՄՆ, 5795) և Ղազախստանը ներկայացնող ռուս թենիսիստուհի Ելենա Ռիբակինան (5471)։ Տասնյակում ևս մեկ փոփոխություն է տեղի ունեցել. Ռուսաստանի առաջին համար Դարյա Կասատկինան (3500) Նինբոյի WTA-500 մրցաշարը հաղթելու շնորհիվ 11-ից բարձրացել է 9-րդ տեղ։ Տասնյակից դուրս է մնացել Դանիել Քոլինզը (3176) և այժմ 11-րդն է։
Հայաստանը ներկայացնող 22-ամյա թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը (1182) կարիերայում առաջին անգամ բարձրացել է 45-րդ տեղ և դիրքը բարելավել է 3 կետով։