Մադրիդի «Աթլետիկոյի» վինգեր Անխել Կորեան կարող է որակազրկվել 12 խաղով, գրում է Marca-ն։
Արգենտինացի ֆուտբոլիստը «Խետաֆեի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 27-րդ տուրի հանդիպման (1-2) 88-րդ րոպեին կոպիտ խախտման համար հեռացվել է դաշտից, ինչից հետո ոչ ցենզուրային բառապաշարով վիրավորել է մրցավար Գիլերմո Կուադրա Ֆեռնանդեսին։
«Անխել Կորեան 88-րդ րոպեին դաշտից հեռացվեց հետևյալ պատճառով. նա մրցակցի նկատմամբ կոպիտ սահանկում կատարեց` ուժգին հարվածելով նրան։
Կարմիր քարտ ստանալուց հետո նա դիմել է ինձ և վիրավորել (հայհոյել է - խմբ.)»,- գրել է մրցավարը հանդիպման արձանագրության մեջ։
Ֆեդերացիայի ընդհանուր կանոնակարգի 94-րդ հոդվածի համաձայն՝ մրցավարին, նրա օգնականներին, տնօրեններին կամ մարզական պաշտոնյաներին վիրավորելը, նրանց վրա հարձակվելը պատժվում են 4-12 խաղով որակազրկմամբ։
30-ամյա Կորեան ընթացիկ մրցաշրջանի 38 խաղում խփել է 7 գոլ, կատարել 5 ասիստ։