Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Անխել Կորեան կարող է տեղափոխվել Սաուդյան Արաբիա, հայտնում է AS-ը։
Ակումբը, որի անունն այս պահին չի նշվում, պատրաստ է արգենտինացուն երեք տարվա համար վճարել 60 միլիոն եվրո աշխատավարձ։ Նշվում է, որ Կորեան նախորդ տարվա ամռանը ևս նույն ակումբից առաջարկ է ստացել, սակայն չի դիտարկել ակումբը փոխելու տարբերակը։
Այժմ հարձակվողը պատրաստ է քննարկել առաջարկը, և կողմերը կարող են առաջիկայում սկսել բանակցություններ։ 28-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում մադրիդցիների կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 21 հանդիպման, դարձել 5 գոլի հեղինակ և կատարել 2 արդյունավետ փոխանցում։
Կորեայի և իսպանական ակումբի միջև գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2026 թվականին։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո։