Logo

«Աթլետիկոյի» ֆուտբոլային ճամբարը Հայաստանում․ Նախագծի հեղինակների հարցազրույցը Fast Media-ին

Հեղինակ
Արամ Սահակյան
18:22 / 11.04.2024Ֆուտբոլ
null

Մադրիդի «Աթլետիկոն» պատանի ֆուտբոլիստների համար ամառային ճամբար կբացի Հայաստանում։ Իսպանական գրանդի ճամբարը կլինի Արմավիրում՝ «Սարդարապատ» ակումբի մարզաբազայում։

Fast Media հեռուստաընկերության հետ հարցազրույցում «Սարդարապատ» ֆուտբոլային ակումբի հիմնադիր նախագահ Սևան Կարիանը և նրա հրավերով Երևան ժամանած «Աթլետիկոյի» միջազգային զարգացման համակարգող Կառլոս Կանո Լորենցոն պատմել են նախաձեռնության մասին։

Կառլոս Կանո Լորենցո․ «Նախապատրաստական փուլի առաջին քայլն իմ այցելությունն է Հայաստան: Ես եկել եմ ուսումնասիրելու այս երկրում ֆուտբոլի հիմնական ուղղվածությունները: Փորձում եմ տեսնել ամեն ինչ՝ հանդերձարաններ, մարզաբազաներ, դաշտեր: Նույնիսկ դիտեցի կանանց հավաքականի խաղը:

Զգացողությունս հետևյալն է. այս երկիրը ֆուտբոլում ունի լավ պոտենցիալ, որը կարելի է զարգացնել: Կարծում եմ՝ առաջիկա տարիներին լավ հաջողություններ կարող եք գրանցել:

Մենք այսպիսի ճամբարներ անցկացնում ենք ամբողջ աշխարհով մեկ՝ բոլոր մայրցամաքներում: Մեր գլխավոր նպատակն է ակումբների հետ կիսել մեր դավանած ֆուտբոլային արժեքները։

Իսկապես ուշագրավ է, որ Խոակին Կապառոսը և Խինես Մելենդեսը եղել են այստեղ: Շատ կարևոր է, որ այդ մարդիկ արդեն աշխատել են Հայաստանում: Դա նշանակում է, որ իսպանական ֆուտբոլի մտածելակերպն ինչ-որ չափով արդեն տեղ ունի հայկական ֆուտբոլում: Այդ տեսանկյունից մեր գործը հիմա հեշտանում է:

Ինչպես գիտեք, ՖԻՖԱ-ի կանոնակարգով արգելված է պայմանագիր կնքել 18 տարին չլրացած ֆուտբոլիստների հետ: Այնպես որ, ձեր ասածը դժվար թե կատարվի: Սակայն մենք ուրախ կլինենք տեսնելու այդ խաղացողների առաջընթացը և գուցե պայմանագիր կնքենք նրանց հետ այն ժամանակ, երբ դա իրավաբանորեն հնարավոր լինի:

Կան արժեքներ, որոնք կիսում են ակումբի ամենաերիտասարդ թիմից մինչև հիմնական թիմ բոլորը: Բայց հիմնական թիմի ու ակադեմիայի նպատակները տարբեր են: Հիմնական թիմում յուրաքանչյուր խաղում դրված է հաղթելու առաջադրանք, իսկ ակադեմիայում գլխավոր նպատակը երիտասարդներին կրթելն է, նրանց հասցնելը պրոֆեսիոնալ մակարդակի: Մենք կիսում ենք արժեքները, բայց ոչ խաղաոճերը: Հիմնական թիմում նպատակն այլ է, հետևապես խաղալու ոճը ևս»։

Սևան Կարիան․ «Առաջին հերթին շնորհակալ ենք, որ եկել եք հյուր մեր ակումբին: Շատ լավ եմ գնահատում մինչև այս պահը կատարված աշխատանքները: Նույնիսկ կարելի է ասել, որ գերազանցել ենք մեր սպասելիքները: Ես հաճախ եմ կրկնում, որ մեծ հավատ, սպասելիքներ ու վստահություն ունեմ այս երիտասարդ խաղացողների նկատմամբ, որոնք ունեն տաղանդ ու մեծ պոտենցիալ: Հավատում եմ մեր մարզիչներին, անձնակազմին ու առհասարակ արմավիրցիներին:

Նախագծի առաջին երեք տարվա համար սահմանված նպատակներին հասել ենք ավելի արագ, քան սպասում էինք, ինչի համար ես ուրախ եմ: Մեր թիմը հիմնադրված է, արդյունքները լավն են, մեր խաղացողներն օր օրի բարելավվում են: Դա ամենակարևորն է մեզ համար: Անձնակազմը լավն է: Մեր մասին սկսել են խոսել Հայաստանում և այլ երկրներում:

Դրա վառ օրինակը ֆրանսիական «Լանս» ակումբի հետ մեր համագործակցությունն է: Մեր խաղացողներն ու մարզիչներն արդեն երեք անգամ այցելել են Ֆրանսիա, հաջորդ ամիս կմեկնեն չորրորդ անգամ: Մեր ֆուտբոլիստների որակներն այնտեղ շատ բարձր են գնահատել, ինչի համար շատ ուրախ եմ: Այժմ կարող ենք հանգիստ նայել առաջ ու կատարել մեր հաջորդ քայլերը։

Ես Եվրոպայում միշտ խոսում եմ Հայաստանի մասին, մեր երկրի հնարավորությունների մասին այն մարդկանց հետ զրույցներում ու քննարկումներում, որոնց հետ աշխատում եմ: Դուք գիտեք, որ ես գործունեություն եմ ծավալում հենց ֆուտբոլի բնագավառում, հետևաբար բազմաթիվ կապեր ունեմ: Ես շարունակաբար համոզում եմ, որ կա հրաշալի հնարավորություն այստեղ ֆուտբոլային հետք թողնելու:

Առաջին քայլը «Լանսի» հետ համագործակցությունն է: Այն հեշտ ստացվեց, քանի որ սեփականատեր Ժոզեֆ Ուղուրլյանն ու տեխնիկական տնօրեն Էրիկ Ասադուրյանը հայեր են:

«Աթլետիկոյի» հետ հրաշալի հարաբերություններ ունեմ: Ես ներկայացնում եմ նրանց խաղացողներից մեկի շահերը։

Այդ ամենն իհարկե օգնեց այս համագործակցությանը: Մենք վստահելի հարաբերություններ ունենք: «Աթլետիկոյի» նախագահն էլ շատ լավ հարաբերություններ ունի «Լանս» ֆուտբոլային ակումբի հետ: Նրանք սիրում են հայերին: Այստեղ գալու գաղափարն իրականացնելն ամենևին էլ հեշտ չէր: Սակայն մենք առաջին քայլն արդեն արել  ենք: Կառլոսն այստեղ է, ինչի համար ես շատ շնորհակալ եմ նրան: Ահա, թե ինչպես ստացվեց համագործակցությունը։

«Լանսի» հետ համագործակցության շրջանակում մենք տարին երկու անգամ խաղացողների պատվիրակություն ենք ուղարկում Ֆրանսիա: Նրանք երկու շաբաթ մարզվում են ակումբի հետ, տեսնում թիմը ներսից:

Մեր ակումբների կապն արդեն շատ ուժեղ է: Մենք ուզում ենք Հայաստան բերել այս թիմերի գործելաոճը: Իհարկե, դա բարդ գործընթաց է: Չես կարող պարզապես վերցնել ու բերել այստեղ: Պետք է այն ընտելացնես երկրին, եղանակին, խաղացողներին, նրանց մտածելակերպին:

Մեր գլխավոր նպատակը հենց դա է: Սովորեցնել ֆուտբոլային բարձր արժեքներ «Սարդարապատում» ֆուտբոլային կրթություն ստացող երեխաներին և առհասարակ բոլոր այն խաղացողներին, որոնք գալու են մեր ակադեմիա:  

«Լանսը» փայլուն ակումբ է: Նրանք ցույց են տվել ,որ փոքր հնարավորություններով կարելի է մեծ բարձունքների հասնել: «Լանսն» արդեն խաղացել է Չեմպիոնների լիգայում, զբաղեցրել երկրորդ տեղն ազգային առաջնությունում:

Կարծում եմ՝ «Աթլետիկոյի» հետ համագործակցության ընթացքում նույնպես դա հնարավոր կլինի: Սակայն, ըստ իս, առաջին հերթին պետք է այդ հնարավորությունը տալ մարզիչներին, ունենալ փորձի փոխանակում «Աթլետիկոյի» ու «Լանսի» երիտասարդական թիմերի մարզիչների հետ: Ի վերջո մեր խաղացողներին կրթում են մեր մարզիչները:

Իհարկե, եթե հնարավոր լինի ուղարկել նաև խաղացողների, որոնք կմարզվեն այնտեղ, կսովորեն այնտեղ, ավելի լավ կլինի: Այդպիսի մեծ ակումբների մարզաբազայում աշխատելը հավելյալ մոտիվացիա կտա ֆուտբոլիստներին, որպեսզի նրանք ավելի ջանասիրաբար աշխատեն՝ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնալու համար։

«Աթլետիկոն» Եվրոպայի մեծագույն ակումբներից է: Նրանք Եվրոպայում ամենամեծ ակադեմիան ունեն. 69 թիմ Մադրիդում, ավելի քան 200 մարզիչ համակարգում: Դա ապշեցուցիչ է: Այս հնարավորությունը մենք օգտագործելու ենք նրանցից որքան հնարավոր է շատ բան սովորելու համար:

Կան բազմաթիվ ֆուտբոլային ծրագրեր, որտեղ շեշտը դրվում է հենց կոմերցիոն մասի վրա՝ բերել աստղային խաղացողներ, որոնք կբարևեն երեխաներին, կլուսանկարվեն նրանց հետ: Սակայն եկեք հիշենք, որ այն, ինչ անում ենք «Աթլետիկոյի» հետ, ոչ թե այդ նպատակներն է հետապնդում, այլ աշխատանք, որը կնպաստի երեխաների առաջընթացին: Գլխավոր նպատակը դա է։

Ես ասել եմ տարիներ առաջ, որ մի օր Հայաստան եմ բերելու Անտուան Գրիզմանին: Իհարկե, ես կանեմ դա մի օր: Դուք գիտեք, որ նրանք շատ զբաղված են, արձակուրդները կարճ են, ամռանը կան Եվրո-2024, Օլիմպիական խաղեր»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ