Logo

«Աթլետիկոն» վերջին վայրկյաններին հաղթանակ կորզեց «Բարսելոնայից» և գլխավորեց աղյուսակը

01:59 / 22.12.2024Ֆուտբոլ
null

Կատալոնական «Բարսելոնան» Իսպանիայի Լա լիգայի 18-րդ տուրի կենտրոնական խաղում ընդունեց Մադրիդի «Աթլետիկոյին» և պարտվեց 1-2 հաշվով: Հյուրերը հաղթական գոլը խփեցին խաղի վերջին վայրկյաններին:

«Բարսելոնան» մեծ առավելություն ունեցավ խաղի ընթացքում, կատարեց մեկ տասնյակից ավելի հարվածներ: 30-րդ րոպեին իսպանացի կիսապաշտպան Պեդրին տպավորիչ առաջխաղացում ձեռնարկեց, գնդակը խաղարկեց հայրենակցի` Գավիի հետ, ստացավ գնդակը տուգանային հրապարակում և գեղեցիկ հարվածով գրավեց Յան Օբլակի դարպասը: «Աթլետիկոն» այս խաղում առաջին դիպուկ հարվածը կատարեց 60-րդ րոպեին և գոլ խփեց: Ինյակի Պենյայի դարպասը գրավեց արգենտինացի կիսապաշտպան Ռոդրիգո Դե Պոլը:

Ավելացված ժամանակի 6-րդ րոպեին «Աթլետիկոն» հակագրոհ ձեռնարկեց, արգենտինաացի պաշտպան Նաուել Մոլինան աջ եզրից գնդակն ուղարկեց տուգանային հրապարակ, դիպուկ հարվածն էլ կատարեց փոխարինման դուրս եկած նորվեգացի հարձակվող Ալեքսանդր Սյորլոտը:

Սա «Բարսելոնայի» երկրորդ անընդմեջ տնային պարտությունն է Իսպանիայի ընթացիկ առաջնությունում: Ընդհանուր առմամբ` Լա լիգայի երեք անընդմեջ խաղում «Բարսելոնան» չի հաղթում:

2006 թվականից հետո առաջին անգամ «Աթլետիկոն» Լա լիգայում հյուրընկալվելիս հաղթեց «Բարսելոնային»: Մինչև այժմ արգենտինացի մասնագետ Դիեգո Սիմեոնեի գլխավորությամբ «Աթլետիկոն» առաջնությունում «Բարսելոնային» երկու անգամ էր հաղթել, երկուսն էլ տանը:

«Աթլետիկոն» 41 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը, մեկ խաղ ավելի անցկացրած «Բարսելոնան» երեք միավոր է զիջում: Գործող չեմպիոն Մադրիդի «Ռեալը», որը 37 միավորով երրորդն է, այս տուրում հաղթելու դեպքում կշրջանցի «Բարսելոնային»:

Իսպանիայի Լա լիգա, 18-րդ տուր

«Բարսելոնա» - «Աթլետիկո»` 1-2

Պեդրի, 30 - Ռոդրիգո Դե Պոլ, 60, Ալեքսանդր Սյորլոտ, 90+6

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ