«Ասթոն Վիլայի» հարձակվող Ջոն Դյուրանը որակազրկվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի երեք խաղով, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Կոլումբացի ֆոտբոլիստը 18-րդ տուրի «Նյուքասլի» դեմ խաղի (0-3) 32-րդ րոպեին մրցակցի շվեյցարացի պաշտպան Ֆաբիան Շերի նկատմամբ թույլ տված կանոնների կոպիտ խախտման համար կարմիր քարտ է ստացել և հեռացվել դաշտից։
Բիրմինգեմը ներկայացնող ակումբը բողոքարկել է 21-ամյա հարձակվողին երեք խաղով որակազրկելու որոշումը և ցանկացել կրճատել պատիժը, սակայն մերժում է ստացել։
Դյուրանն իր թիմին չի կարող օգնել «Բրայթոնի», «Լեսթերի» և «Էվերթոնի» դեմ խաղերում։ Նա Անգլիայի ընթացիկ առաջնությունում 18 խաղում 7 գոլ է խփել։