Ռումինիայի Մամայա քաղաքում ընթացող մինչև 14, 16 և 18 տարեկան աղջիկների ու պատանիների շախմատի աշխարհի առաջնությունում գերազանց է ելույթ ունենում Մարիամ Մկրտչյանը:
4-րդ տուրում մինչև 18 տարեկան աղջիկների մրցաշարի առաջատարներից մեկը սպիտակներով 43–րդ քայլին պարտության մատնեց առաջին քառյակում գտնվող էստոնացի Անաստասիա Սինիցինային: Շախմատի Հայաստանի գործող չեմպիոնուհին 4-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց և հարյուր տոկոսանոց արդյունքով միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը:
Տարիքային այս խմբի մրցաշարին մասնակցող Վերոնիկա Խաչատրյանը ոչ-ոքի ավարտեց իր պարտիան և վաստակել է 2,5 միավոր:
Պատանի հայ շախմատիստներից լավագույն արդյունքն ունեն մինչև 16 տարեկան պատանիների մրցաշարի մասնակիցներ Էմին Օհանյանն ու Արսեն Դավթյանը և մինչև 18 տարեկանների մրցաշարում ելույթ ունեցող Մամիկոն Ղարիբյանը, որոնք վաստակել են 3,5-ական միավոր: Երեքի համար էլ տուրը հաղթական էր: Օհանյանը պարտության մատնեց շվեյցարացի Դորյան Ասլանիին, Դավթյանն առավելության հասավ ռումինացի Ռոբերտ Քրեանգայի նկատմամբ, իսկ Ղարիբյանը հաղթեց հնդիկ Կամոտրա Սոհամին:
Հայ շախմատիստներից 4-րդ տուրում հաղթանակներ տարան նաև Սարգիս Սարգսյանը (մինչև 18 տ., 3 միավոր), Ալեքս Սահակյանը (մինչև 16 տ., 2,5 միավոր), Ռուդոլֆ Փաշիկյանը (մինչև 14 տ., 3 միավոր), Բենիկ Աղասարովը (մինչև 14 տ., 2,5 միավոր) և Անի Ավետիսյանը (մինչև 14 տ., 3,5 միավոր):
Սեպտեմբերի 10-ին կկայանան 5-րդ տուրի մրցախաղերը:


