Logo

Աշնան սխալներն ու նոր շանսը․ Ինչ է պահանջվում Հայաստանի հավաքականից առաջիկա խաղերում

Հեղինակ
Ռաֆայել Խալաթյան
15:55 / 29.06.2023Ֆուտբոլ
Բացառիկ
null

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հունիսին տարած երկու հաղթանակներով մեծացրեց իր շանսերը 2024թ. Եվրոպայի առաջնության ընտրական փուլում: Աշունը Հայաստանի հավաքականը սկսելու է որպես Եվրո-2024-ի ուղեգրի հավակնորդներից մեկը, իսկ թե ինչքան կմնա պայքարի մեջ, պարզ կլինի սեպտեմբերյան կարևոր խաղերից հետո, երբ հավաքականը կհանդիպի ընտրական D խումբը գլխավորող Թուրքիային և խմբի ֆավորիտ Խորվաթիային:

Նախկինում Հայաստանի հավաքականը 4 անգամ է աշնանային խաղերից առաջ հավակնել եզրափակիչ փուլի ուղեգրի: VNews-ն անդրադառնում է այդ 4 ընտրական փուլերում հավաքականի անհաջողությունների պատճառներին ու գնահատում այս շրջափուլում Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմի շանսերը:

Եվրո-2012. Դուբլինյան մղձավանջը

Առաջին անգամ Հայաստանի հավաքականն աշնանը ուղեգրի համար պայքարելու հնարավորություն ստացավ 2011-ին: Այդ ժամանակ շրջափուլն անցկացվում էր ոչ թե մեկ, այլ երկու տարվա ընթացքում: 2011-ի սեպտեմբերին Հայաստանի հավաքականը մոտեցավ 8 միավորով: Խմբի առաջատարը Ռուսաստանն էր՝ 14 միավորով, Սլովակիան և Իռլանդիան ունեին 13-ական միավոր: Առջևում 4 խաղեր էին, որոնք Հայաստանում անվանում էին 4 եզրափակիչներ: Պայքարը շարունակելու համար անհրաժեշտ էր հաղթել բոլոր խաղերում, և այդ դեպքում հավաքականը կկարողանար անցումային խաղերի ուղեգիր ստանալ:

Առաջին «եզրափակիչը» թիմն անցկացրեց Անդորրայում՝ առանց Կառլեն Մկրտչյանի ու Յուրա Մովսիսյանի հաղթելով 3-0 հաշվով: 4 օր անց պետք է որոշվեր՝ արդյոք Հայաստանի հավաքականը կշարունակի պայքարը, և Վարդան Մինասյանի գլխավորած թիմը փայլուն կատարեց իր առաջադրանքը՝ Բրատիսլավայում շոկի ենթարկելով Սլովակիայի հավաքականին՝ հաղթանակ 4-0 հաշվով: Այդ երկու տուրերում իռլանդացիները երկու միավոր վաստակեցին, սլովակները՝ 1: Հայաստանի հավաքականը բարձրացավ երրորդ տեղ՝ միայն մեկ միավորով հետ մնալով Իռլանդիայից: Հոկտեմբերին Երևանում Հայաստանի հավաքականը ջախջախեց Մակեդոնիային՝ 4-1, Իռլանդիան էլ հաղթեց Անդորրայում, և վերջին տուրում Դուբլինում Իռլանդիա - Հայաստան խաղում պետք է որոշվեր անցումային խաղերի ուղեգրի տիրակալը (խմբում հաղթեց Ռուսաստանի հավաքականը):

Թե ինչ տեղի ունեցավ Իռլանդիայի մայրաքաղաքում, գիտի հայ ֆուտբոլասերներից յուրաքանչյուրը: Իսպանացի մրցավար Իտուրալդե Գոնսալեսն առաջին խաղակեսում 0-0 հաշվի ժամանակ խաղադաշտից անարդարացիորեն հեռացրեց Ռոման Բերեզովսկիին, և քանի որ նրան փոխարինող Գևորգ Կասպարովն անհասկանալի պատճառներով չէր մեկնել Դուբլին, դաշտ դուրս եկավ երիտասարդ ու անփորձ Արսեն Պետրոսյանը, այնուհետև Վալերի Ալեքսանյանն անհասկանալի կերպով գրավեց սեփական դարպասը և Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց 1-2 հաշվով:

Ընդունված է համարել, որ խմբից դուրս գալուն խանգարեց ընտրական փուլի երկրորդ խաղում Արարատ Առաքելյանի թույլ տված կոպիտ սխալը: Մակեդոնիայում Հայաստանի հավաքականը հաղթում էր 2-1 հաշվով, սակայն վերջին վայրկյաններին Առաքելյանը ձեռքով խաղաց տուգանային հրապարակում, և մակեդոնացիները հավասարեցրին հաշիվը 11-մետրանոցից: Եթե այդ խաղում հայկական թիմը հաղթեր, ապա վերջին տուրից առաջ երկու միավորով կգերազանցեր Իռլանդիային, և Դուբլինում կարող էր խաղալ ոչ-ոքիի համար: Ոչ պակաս մեծ նշանակություն ուներ առաջին տուրում Իռլանդիայի հավաքականից կրած տնային պարտությունը: Ցավոք, 2010-ի սեպտեմբերին Յուրա Մովսիսյանը դեռ նոր էր միացել ու հարմարվում էր հավաքականին, և իսկապես սկսեց փայլել հաջորդ ամսից: Ամեն դեպքում, Հայաստանի հավաքականը մինչև վերջին տուրը հավակնում էր ուղեգրին, խմբում 17 միավորով զբաղեցրեց երրորդ տեղը, ինչը մնում է ընտրական փուլերում ազգային թիմի լավագույն արդյունքը պատմության մեջ:

ԱԱ-2014. Ճակատագրական պարտություն

Հաջորդ շրջափուլում Հայաստանի հավաքականի հետ արդեն հաշվի էին նստում, սակայն շրջափուլի երկրորդ խաղում թիմը պարտվեց Սոֆիայում, որին հաջորդեց ևս երեք պարտություն՝ Իտալիայից, Չեխիայից ու, որ ամենացավալին է, Մալթայից, այն էլ՝ Երևանում: Ուղեգիր նվաճելու մարած հույսերն անակնկալ կերպով արթնացան Մալթայից կրած պարտությունից չորս օր անց՝ հունիսի 11-ին, երբ Կոպենհագենում Հայաստանի հավաքականը կազմ վերադարձած Յուրա Մովսիսյանի, ինչպես նաև Արաս Օզբիլիսի, Հենրիխ Մխիթարյանի ու Արթուր Սարկիսովի գոլերի շնորհիվ 4-0 հաշվով հաղթեց դանիացիներին: Սեպտեմբերից առաջ Հայաստանի հավաքականն ուներ 6 միավոր, ու եթե խմբի հաղթողի հարցերը լուծված էին (Իտալիան ուներ 14 միավոր), ապա երկրորդ տեղի համար թեժ պայքար էր սպասվում: Բուլղարիան վաստակել էր 10, Չեխիան՝ 9, Դանիան՝ 6 միավոր:

Սեպտեմբերին 6-ին Հայաստանի հավաքականը Պրահայում 2-1 հաշվով հաղթեց Չեխիային, իսկ Բուլղարիան պարտվեց Իտալիային, և Մինասյանի թիմի շանսերն ավելի բարձրացան, սակայն 4 օր անց «Հրազդան» ստադիոնում հայկական թիմը համառ պայքարում 0-1 հաշվով պարտվեց դանիացիներին ու գրեթե կորցրեց հաջորդ փուլ դուրս գալու շանսերը: Հոկտեմբերին հայ ֆուտբոլիստները Նեապոլում 2-2 հաշվով ոչ-ոքի խաղացին Իտալիայի հետ, այնուհետև Երևանում հաղթեցին Բուլղարիային, սակայն վաստակած 13 միավորով բավարարվեցին միայն 5-րդ տեղով, թեև երկրորդ տեղը զբաղեցրած Դանիային զիջեցին ընդամենը երեք միավոր:

Թվում է՝ չհերիքեց հենց այն երեք միավորը, որը թիմը կորցրեց Երևանում՝ Մալթայի հետ խաղում: Սակայն, իրականում, հավաքականի անհաջողության պատճառներն ավելի խորն էին: Եթե Հայաստանի հավաքականը հաղթեր Մալթային ու խմբում զբաղեցներ երկրորդ տեղը, միևնույն է՝ անցումային խաղերի ուղեգիր չէր կարող նվաճել, քանի որ այդ փուլ էին անցնում 9 խմբերում երկրորդ տեղերը զբաղեցրած լավագույն արդյունք ունեցող 8 թիմերը, ընդ որում, հանվում էին խմբի հետնապահի հետ խաղերում վաստակած միավորները: Այդ դեպքում Հայաստանի հավաքականը կարժանանար դանիացիների ճակատագրին՝ կլիներ 9 թիմերից վատագույն արդյունք ունեցողը, և դուրս կմնար պայքարից: 

Իրականում, ճակատագրական էր Երևանում Դանիայի հավաքականից կրած պարտությունը: Այդ խաղում հաղթելու դեպքում Հայաստանի հավաքականը կկարողանար անցումային հանդիպումների ուղեգիր նվաճել, որովհետև այդ պարագայում 16 միավորից կհանվեր ոչ թե 6, այլ 4 միավոր: Իսկ ավելի մեծ վնաս հավաքականին պատճառեց թիմի անկարգապահությունը. եթե նախորդ շրջափուլում Կառլեն Մկրտչյանի ու Յուրա Մովսիսյանի որակազրկումները միակն էին, այն էլ՝ Անդորրայի դեմ խաղից առաջ, ապա այս շրջափուլի հենց երկրորդ խաղից սկսած հավաքականը կազմի խնդիրներ ուներ: Իտալիայի հավաքականի հետ խաղը որակազրկումների պատճառով բաց թողեցին Գևորգ Ղազարյանը, Մարկոս Պիզելին ու Սարգիս Հովսեփյանը, չեխերի դեմ մրցավեճում չկային միջին օղակի առանցքային խաղացողներ Կառլեն Մկրտչյանն ու Արթուր Եդիգարյանը, ինչպես նաև հիմնական կենտրոնական պաշտպաններից Հրայր Մկոյանը: Դանիայի հետ վճռորոշ խաղն էլ բաց թողեցին պաշտպանության հենասյուն Ռոբերտ Արզումանյանն ու հարձակման առաջատար Յուրա Մովսիսյանը, նույն խաղում էլ Վարազդատ Հարոյանը կարմիր քարտ ստացավ, 11-մետրանոց «բերեց», որից էլ դանիացիները խփեցին հաղթական գոլը: 

Եվրո-2020. Չարդարացված հույսեր

Այն բանից հետո, երբ ՈւԵՖԱ-ն սկիզբ դրեց Ազգերի լիգային, շրջափուլը սկսեց անցկացվել մեկ տարվա ընթացքում: 2020թ․Եվրոպայի առաջնության ընտրական փուլը Հայաստանի հավաքականը սկսեց Բոսնիա-Հերցեգովինայից ու Ֆինլանդիայից կրած պարտություններով, սակայն հունիսին Լիխտենշտեյնի և Հունաստանի նկատմամբ հաղթանակներից հետո հավաքականի շանսերը մեծացան. թիմը բարձրացավ երրորդ տեղ՝ 3 միավորով հետ մնալով Ֆինլանդիայից: Սեպտեմբերին Իտալիայից կրած պարտությունից ու բոսնիացիների նկատմամբ փայլուն հաղթանակից հետո այդ շանսերը պահպանվեցին. հավաքականը շարունակում էր զիջել Ֆինլանդիային երեք միավորով, իսկ հոկտեմբերին պետք է խաղար Հելսինկիում: Սակայն մինչև Ֆինլանդիայի մայրաքաղաք մեկնելն Արմեն Գյուլբուդաղյանցի կոլեկտիվը սայթաքեց Վադուցում՝ չկարողանալով հաղթել Լիխտենշտեյնին՝ 1-1: Դա հյուրերի վաստակած երկու միավորներից մեկն էր այդ շրջափուլում: Հերթական անգամ փոքր թիմերի հետ դիմակայությունում սայթաքումը թանկ նստեց հավաքականի վրա: Առանց առաջատար Հենրիխ Մխիթարյանի հավաքականը պարտվեց նաև Ֆինլանդիայում, հետո տեղի ունեցավ մարզչական փոփոխություն, ու թիմը ձախողեց շրջափուլի վերջին երկու խաղերը (Հունաստանի և Իտալիայի) դեմ ու 10 միավորով գրավեց 5-րդ տեղը:

Կարելի է ասել, որ հավաքականին չհերիքեց կազմի խորությունը: Վնասվածքների դեպքում չկային արժանի փոխարինողներ, առանց Մխիթարյանի էլ ոչ ոք չկարողացավ վճռական պահին իր վրա վերցնել առաջատարի դերն ու տանել թիմին իր հետևից:

ԱԱ-2022. Ֆանտաստիկ մեկնարկ, ցավալի անկում

Հայաստանի հավաքականն իսպանացի մասնագետ Խոակին Կապառոսի գլխավորությամբ 2020-ին հաղթեց Ազգերի լիգայի իր խմբում, իսկ աշխարհի առաջնության ընտրական փուլը 2021-ին սկսեց երեք անընդմեջ հաղթանակներով: Մարտին տեղի ունեցած խաղերից հետո Հայաստանի հավաքականը 9 միավորով գլխավորում էր խմբի մրցաշարային աղյուսակը, և սեպտեմբերյան խաղերին մոտենում էր մեծ խանդավառությամբ: Սեպտեմբերի 2-ին հիմնական մրցակիցներից մեկի՝ Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հետ ոչ-ոքիից հետո այդ շանսերն ավելի բարձրացան, և նույնիսկ Գերմանիայից կրած 0-6 հաշվով պարտությունը խաչ չքաշեց թիմի հավակնությունների վրա: Առաջին իրական հարվածը հայ ֆուտբոլասերների իղձերին եղավ սեպտեմբերի 8-ին, երբ հավաքականը Երևանում նորից չկարողացավ հաղթել Լիխտենշտեյնին՝ 1-1: Ընդ որում, դա հյուրերի միակ վաստակած միավորն էր ամբողջ շրջափուլում: 

Չնայած դրան՝ Կապառոսի թիմը շարունակում էր մնալ երկրորդ տեղի ֆավորիտներից մեկը: Հոկտեմբերին թիմը նախ բաց թողեց հաղթանակը Իսլանդիայում, այնուհետև ցավալի պարտություն կրեց Ռումինայում՝ 0-1: Բայց մրցակիցների անընդհատ սայթաքումները շարունակում էին պայքարի մեջ թողնել Հայաստանի հավաքականին: Նոյեմբերի խաղերից առաջ Հայաստանի հավաքականը երկու միավորով հետ էր Ռումինիայից, մեկ միավորով՝ Հյուսիսային Մակեդոնիայից։ Մակեդոնացիներին հաղթելու դեպքում հայկական թիմը նորից կարող էր երկրորդ տեղ բարձրանալ, բայց Երևանում 5 անպատասխան գնդակ ընդունեց՝ դրանով վերջ դնելով ուղեգիր նվաճելու վերջին հույսերին: Հայաստանի հավաքականը 12 միավորով խմբում զբաղեցրեց 4-րդ տեղը:

Այս անգամ թիմի հետ չարկատակ խաղացին առաջին երեք տուրերում տարած հաղթանակները: Ֆուտբոլասերների հավակնություններն անարդարացիորեն դարձան չափազանց մեծ, ֆուտբոլիստների մոտ էլ մեծացավ էյֆորիան, որը Կապառոսը չկարողացավ կառավարել, և հավաքականի անկումն այս անգամ շատ ցավալի էր:

Եվրո-2024. Նոր շանս՝ նոր թիմով ու նոր մարզիչով

Նոր շրջափուլը նոր հույսեր է արթնացրել հայ ֆուտբոլասերների մոտ այն բանից հետո, երբ Հայաստանի հավաքականը գերազանց խաղով արտագնա հաղթանակի հասավ բավականին ուժեղ Ուելսի նկատմամբ, իսկ օրեր անց նաև կարողացավ տանը դժվարին հաղթանակ կորզել խմբի հետնապահ Լատվիայից: Որքանով են այդ հույսերն արդարացված, իհարկե, ցույց կտա աշունը, սակայն պարզ է, որ այս շրջափուլում կառուցվում է նոր թիմ` երիտասարդ, նոր առաջատարներով, որոնք մոտակա տարիներին լինելու են հավաքականի կորիզը: Այսօր կարևոր է ոտքերը գետնից չկտրել, ընդ որում, դա վերաբերում է ոչ միայն ֆուտբոլիստներին, այլև երկրպագուներին: Կարգապահական խնդիրները ոչ մի տեղ չեն անհետացել, եթե որակազրկումը նախկինի պես լիներ երկու դեղին քարտից հետո, այլ ոչ՝ երեք, ապա Վարազդատ Հարոյանն ու Ստյոպա Մկրտչյանն արդեն որակազրկված կլինեին: Կազմի խորության վերաբերյալ էլ, իհարկե, հարցեր կան, թեև այդ առումով ՀՖՖ-ն ու գլխավոր մարզիչը մեծ աշխատանք են տանում: 

Բարձր հավակնությունները, իհարկե, լավ են, բայց սառը գլխով մնալը պակաս կարևոր չէ: Կարելի է ասել, որ հավաքվել է բավականին հետաքրքիր թիմ` խիստ ու պահանջկոտ մարզիչով, որը հստակ հասկանում է` որտեղ է և ինչի համար: Իսկ որ ամենահետաքրքիրն է` դեռ պարզ չէ` ինչքան բարձր է թիմի առաստաղը: Երիտասարդ ֆուտբոլիստներից շատերը կարիերայի զարգացման առանցքային փուլում են. Էդուարդ Սպերցյանը պետք է ճիշտ ընտրություն կատարի, թե որ ակումբում է շարունակելու կարիերան, Գեորգի Հարությունյանը պետք է կարողանա ամրապնդվել «Կրասնոդարի» հիմնական կազմում, Հրանտ-Լեոն Ռանոսը պետք է փորձի հնարավորինս շատ խաղաժամանակ ստանալ Մյոնխենգլադբախի «Բորուսիայում»… Մեծ հաշվով, շատ բան կախված է նրանից, թե ինչ մարզավիճակում են ֆուտբոլիստները միանում հավաքականին: 

Խոշոր մրցաշարի մասնակցելը, իհարկե, երազանք է, բայց այսօր ավելի կարևոր է ամրապնդել ձեռքբերածը ու քայլ առ քայլ շարժվել առաջ: Թե որքանով դա կհաջողվի, ցույց կտան արդեն սեպտեմբերյան հանդիպումները:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ