Թուրքական «Ֆեներբահչեի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կարծիք է հայտնել, թե ով կարող է լինել Մադրիդի «Ռեալի» հաջորդ գլխավոր մարզիչը։ Նա Կառլո Անչելոտիին անվանել է աշխարհի լավագույն մարզիչը։
«Ես միշտ կլինեմ «Ռեալի» մեծ երկրպագու։ Հիմա նրանց մարզիչը լավագույնն է աշխարհում, խոսքն իմ ընկեր Կառլոյի մասին է։ Նա հրաշալի է կատարում աշխատանքը։
Ակումբի ապագան կախված է նրանից, թե ինչ է ցանկանում նախագահը։ Արդյոք նա ցանկանում է հրավիրել մեծ ներուժով երիտասարդ մարզիչի, ինչպիսին Խաբի Ալոնսոն է, թե մտադիր է շարունակել նույն կերպ ու վստահել փորձառու մարզիչի։
Ֆլորենտինո Պերեսը հազվադեպ է սխալ որոշումներ կայացնում «Ռեալում»։ Ես՝ որպես ակումբի երկրպագու, վստահ եմ, որ նրա հաջորդ որոշումը կլինի ճիշտ»,- պորտուգալացու խոսքը մեջբերում է Goal.com-ը։
Հիշեցնենք, որ Ժոզե Մոուրինյուն «Ռեալը» գլխավորել է 2010-2013թթ․։