Գերմանիայի Կոտբուս քաղաքում մեկնարկած սպորտային մարմնամարզության առանձին վարժությունների աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում Հայաստանի ներկայացուցիչներից Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը և Գագիկ Խաչիկյանը նվաճել են եզրափակիչի ուղեգիր:
Գագիկ Խաչիկյանը 15.000 միավորով երրորդ տեղն է զբաղեցրել նժույգ թափեր վարժության որակավորման փուլում ու դուրս եկել եզրափակիչ:
Եվրոպայի կրկնակի չեմպիոն, փոխչեմպիոն ու եռակի բրոնզե մեդալակիր, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանը չի կարողացել հաղթահարել նժույգ թափեր վարժության որակավորման փուլը։ 38-ամյա մարզիկը վաստակել է 14,566 միավոր ու զբաղեցրել 9-րդ տեղը:
Օղակներ վարժությունում ելույթ են ունեցել Եվրոպայի երիտասարդական առաջնության արծաթե մեդալակիր Արթուր Ավետիսյանն ու աշխարհի գավաթակիր, Եվրոպական խաղերի և Եվրոպայի փոխչեմպիոն Վահագն Դավթյանը, որոնք վաստակել են, համապատասխանաբար, 14,533 ու 14,500 միավոր և 5-րդ ու 6-րդ տեղերով հաղթահարել են որակավորման փուլը:
Աշխարհի չեմպիոն, Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի գավաթակիր, Եվրոպական խաղերի հաղթող, Եվրոպայի չեմպիոն, կրկնակի փոխչեմպիոն և բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը ելույթ կունենա փետրվարի 24-ին:
Հիշեցնենք, որ փետրվարի 7-ից հայ մարմնամարզիկները երկշաբաթյա ուսումնամարզական հավաք էին անցկացնում Թբիլիսիում, որտեղից մեկնել են մրցավայր։
Հակոբ Սերոբյան. «Տարին կսկսենք աշխարհի գավաթի մասնակցությամբ»