Գարիկ Կարապետյանը (102 կգ) արծաթե մեդալակիր դարձավ Թաիլանդի Պհուկետ քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում։ 2023թ․ Եվրոպայի չեմպիոնը երկամարտում գրանցեց 401 կգ (185+216 կգ) արդյունք։
Հայ ծանրորդը պոկում վարժությունում նվաճեց փոքր բրոնզե մեդալ, իսկ հրում վարժությունում 5-րդն էր։
Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էր նաև Եվրոպայի կրկնակի չեմպիոն, եռակի փոխչեմպիոն և աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Սամվել Գասպարյանը, որը պոկում վարժությունում գլխավերևում պահեց միայն 172 կգ ծանրաձողը։ Գասպարյանը հրում վարժությանը չմասնակցեց և երկամարտի արդյունք չգրանցեց։
Աշխարհի գավաթի խաղարկությունն օլիմպիական վարկանիշային վերջին մրցաշարն է։ Փարիզ-2024-ի ուղեգիր են նվաճում նախորդ վարկանիշային մրցաշարերում յուրաքանչյուր քաշային կարգում 10 լավագույն արդյունք գրանցած մարզիկները։ Գարիկ Կարապետյանն աշխարհի գավաթի խաղարկությունում թարմացրեց օլիմպիական վարկանիշային մրցաշարերում գրանցած արդյունքը և երկրորդ տեղում է իր քաշային կարգում։
Աշխարհի գավաթում Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը պայքարի մեջ էր մտել Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), որը զրո ստացավ և երկամարտի արդյունք չգրանցեց, սակայն դա բավարար եղավ ընդգրկվել իր քաշային կարգի 10 լավագույն ծանրորդների ցանկում և նվաճել Օլիմպիական խաղերի ուղեգիր։ Կարապետյանը վարկանիշային համարվող նախորդ մրցաշարերում լավագույնը գրանցել էր երկամարտի 377 կգ արդյունք։
Հայաստանի հավաքականի կազմում մրցավայր են մեկնել նաև Վարազդատ Լալայանն ու Սիմոն Մարտիրոսյանը (երկուսն էլ` +109 կգ), որոնք մրցահարթակ դուրս կգան ապրիլի 11-ին։
Հիշեցնենք, որ տղամարդկանց Հայաստանի հավաքականը քառամյակի մարզական գլխավոր իրադարձությանը ներկայացված կլինի երեք ծանրորդով: Օլիմպիական խաղերում յուրաքանչյուր երկիր մեկ քաշային կարգում կարող է ունենալ միայն մեկ ներկայացուցիչ: Արդեն հայտնի է, որ Հայաստանը կանանց պայքարում մասնակից չի ունենա, քանի որ Արտաշես Ներսիսյանի գլխավորած հավաքականն անհրաժեշտ վարկանիշային միավորները չի վաստակել:


