Արթուր Դավթյանը նվաճել է Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող սպորտային մարմնամարզության առանձին գործիքների աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչի ուղեգիր։
Հենացատկի վարժության որակավորման փուլում աշխարհի չեմպիոն, Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպական խաղերի հաղթող, Եվրոպայի չեմպիոն, կրկնակի փոխչեմպիոն և բրոնզե մեդալակիր 30-ամյա Դավթյանը 14.766 միավորով զբաղեցրել է երկրորդ տեղը։
Ավելի վաղ օղակների վարժությունում եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանը: Որակավորման փուլում Արթուր Ավետիսյանը 14,766 միավորով զբաղեցրել է երրորդ տեղը, իսկ Վահագն Դավթյանը 14,600 միավորով 6-րդն էր:
Նժույգ թափեր վարժությունում Գագիկ Խաչիկյանը, որն աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում արծաթե մեդալ էր նվաճել, 14,133 միավորով որակավորման փուլում զբաղեցրել է 10-րդ տեղը: Նույն վարժության որակավորման փուլում 38-ամյա Հարություն Մերդինյանը 13,500 միավորով գրավել է 21-րդ տեղը: Երկուսն էլ դուրս չեն եկել եզրափակիչ:
Հիշեցնենք, որ Արթուր Դավթյանը դարձել էր աշխարհի գավաթակիր Գերմանիայի Կոտբուս քաղաքում կայացած աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում, Արթուր Ավետիսյանը բրոնզե մեդալ էր նվաճել, իսկ Վահագն Դավթյանը զբաղեցրել էր չորրորդ տեղը: