Ռուսաստանի Ուֆա քաղաքում այսօր մեկնարկեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Հայաստանի ներկայացուցիչներից մրցագորգ դուրս եկավ 5 ըմբիշ:
Գառնիկ Հովհաննիսյանը (55 կգ) առաջին գոտեմարտում պարտվեց բուլղարացի Դանի Դեմիրովին (12:1), որն, իր հերթին, քառորդ եզրափակիչում պարտվեց տաջիկ մարզիկին:
Գևորգ Սուքիասյանը (63 կգ) որակավորման փուլում զիջեց Մոլդովան ներկայացնող մարզիկին (3:1): Նա 1/8 եզրափակիչում պարտվեց թուրք մրցակցին:
Վիգեն Նազարյանի (87 կգ) մեկնարկը նույնպես անհաջող դասավորվեց. նա չկարողացավ հաղթահարել Ուկրաինայից Ալեքսանդր Պրիմաչենկոյի արգելքը, որը հաջորդ փուլում զիջեց Նիդերլանդները ներկայացնող ըմբիշին:
Սամվել Գրիգորյանը (77 կգ) սկսեց հաղթանակով ուզբեկ Մուրոջան Ալիմյանովի նկատմամբ, սակայն կիսաեզրափակիչ դուրս գալու համար գոտեմարտում զիջեց եգիպտացի մարզիկին 5:1 հաշվով:
Ռազմիկ Քուրդյանը (130 կգ) ամերիկացի Լյուկ Լուֆմանին հաղթելուց հետո չկարողացավ առավելության հասնել թուրք Մուհամեդ Բակիրի նկատմամբ:
Այսպիսով, եթե Գրիգորյանի ու Քուրդյանի մրցակիցները դուրս գան եզրափակիչ, մեր մարզիկները սփոփիչ գոտեմարտեր անցկացնելու իրավունք կստանան:

