Իտալական «Կոմոյի» նորեկ, ֆրանսիացի պաշտպան Ռաֆայել Վարանը պաշտոնապես հայտարարել է կարիերան ավարտելու մասին: Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ 31-ամյա ֆուտբոլիստը նման որաշում է կայացրել ծանր վնասվածք ստանալուց հետո։
Սեպտեմբերի 12-ին Վարանը «Կոմոյում» նորամուտը նշել էր «Սամպդորիայի» դեմ Իտալիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչի խաղում (1-1, 11-մետրանոցներով` 3-4) և վնասվածքի պատճառով փոխարինվել 23-րդ րոպեին։ Ավելի ուշ ակումբը նրան հեռացրել էր Ա սերիայի հայտացուցակից։
Հիշեցնենք, որ ֆրանսացին այս ամռանն է ազատ գործակալի կարգավիճակում «2+1» ձևաչափով պայմանագիր կնքել «Կոմոյի» հետ։ Նրա նախորդ ակումբն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» էր, իսկ 2011-2021 թթ. հանդես է եկել Մադրիդի «Ռեալում»։ Վարանը 2018 թ. Ֆրանսիայի հավաքականի կազմում դարձել է աշխարհի չեմպիոն։


