Աշխարհի առաջին ռակետ, իտալացի թենիսիստ Յաննիկ Սիները չի մասնակցի թենիսի Դևիսի գավաթի խաղարկության խմբային փուլին։ Սիները չի ընդգրկվել Իտալիայի հավաքականի հայտացուցակում A խմբի հանդիպումների համար:
«Ինչ վերաբերվում է Յանիկին, ապա մենք որոշել ենք ազատել թենիսիստին հավաքական հրավիրվելուց և նրան լիարժեք ապաքինվելու հնարավորություն տալ»,- Իտալիայի հավաքականի ավագ Ֆիլիպո Վոլանդրիի խոսքը մեջբերում է մրցաշարի մամուլի ծառայությունը:
Իտալիայի հավաքականի կազմում ընդգրկվել են Բերետինին, Առնալդին, Կոբոլին, Վավասորին և Բոլելին: Իտալացիները մրցաշարի գործող չեմպիոններն են:
Դևիսի գավաթի խաղարկության խմբային փուլը սեպտեմբերի 10-15-ը կանցկացվի Բոլոնիա (Իտալիա), Մանչեսթեր (Մեծ Բրիտանիա), Վալենսիա (Իսպանիա), Չժուհայ (Չինաստան) քաղաքներում։
Հիշեցնենք, որ 23-ամյա Սիները դուրս է եկել «Մեծ սաղավարտի» տարվա վերջին մրցաշար ԱՄՆ-ի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի եզրափակիչ, որտեղ սեպտեմբերի 8-ին տիտղոսը կվիճարկի աշխարհի 12-րդ ռակետ, ամերիկացի Թեյլոր Ֆրիցի հետ: US Open-ի եզրափակիչը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:00-ին: