Պարզվում է, որ մեզ բոլորիս քաջածանոթ «Սանտա Բարբարա» հեռուստասերիալն ամենևին էլ պատմության ամենաերկարը չէ։ Այս կատեգորիայի սերիալների ցանկում առաջին տեղում ամուր ամրագրվել է ամերիկյան The Guiding Light / «Ուղղորդող լույսը», որի պրեմիերան կայացել է ռադիոյով 1937 թվականին: Այն ընդհանուր առմամբ ունեցել է ավելի քան 15 000 դրվագ։
Այս հոդվածով առանձնացրել ենք աշխարհի ամենաշատ դրվագներ ունեցող սերիալները։
5. The Young and the Restless / Երիտասարդ և հանդուգն / Молодые и дерзкие, 1973 թվականից մինչև մեր օրեր
The Young and the Restless-ը ստեղծել են Ուիլյամ Ջ.-ն և Լի Ֆիլիպ Բելամին: Ամերիկյան այս բազմամաս սերիալն առաջին անգամ ցուցադրվել է 1973 թվականի մարտին՝ հայտնվելով աշխարհի շատ երկրների տարբեր ալիքների եթերներում։ Սերիալի գործողությունները տեղի են ունենում Վիսկոնսին նահանգի Ջենովա Սիթի հորինված քաղաքում։ Պատմությունն ի սկզբանե կառուցվել է Ջենովա Սիթիի երկու հիմնական ընտանիքների՝ Բրուքսների և Ֆոսթերի շուրջ: Հետագայում հերոսները ավելի են շատացել, միջանձնային և միջընտանեկան հարաբերությունները՝ բազմազանացել։
Սերիալն ի սկզբանե հեռարձակվում էր շաբաթական 5 անգամ 30 րոպեանոց դրվագներով։ Իսկ 1980 թվականից սկսած դրվագների տևողությունը կրկնապատկվել է։ The Young and the Restless-ը ամերիկյան հեռուստատեսության ամենաբարձր վարկանիշ ունեցող ցերեկային դրաման է:
4. All My Children / Իմ բոլոր երեխաները / Все мои дети, 1970 — 2011
Սերիալը, որը ստեղծվել է Ագնես Նիքսոնի կողմից և հեռարձակվել է 1970 թվականին, տեղի է ունենում Փենսիլվանիայի Փայն Վելլիում՝ Ֆիլադելֆիայի արվարձաններից մեկում։ Ինչպես նախատեսվում էր, սերիալը պետք է բարձրացներ ժամանակակից հասարակության բոլոր սուր սոցիալական խնդիրները, օրինակ՝ Վիետնամի պատերազմի թեման։ Իսկ Էրիկա Քեյնի գլխավոր դերը մարմնավորած դերասանուհի Սյուզան Լուչին էր, որի կերպարը համարվում է հեռուստատեսության պատմության ամենահայտնի հերոսը։ Սյուժեն կառուցված է Էրիկա Քեյնի ընտանիքի կյանքի շուրջ։ Ի դեպ, 1973 թվականի դրվագներից մեկում գլխավոր հերոսուհի Էրիկան որոշում է ընդհատել հղիությունը. այստեսակ դրվագ առաջին անգամ էր ցուցադրվել հեռուստատեսությամբ։ Բացի այդ, «Իմ բոլոր երեխաները» սերիալն առաջիններից էր, որը խոսեց պլաստիկ վիրաբուժության և դրա հոգեբանական հետևանքների մասին: