Մադրիդի «Ռեալը» կարող է բաժանվել թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիից, հայտնում է Relevo-ն։
Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության եզրափակիչում կատալոնական «Բարսելոնայից» կրած պարտությունից (1-3) հետո «Արքայական ակումբի» ղեկավարությունը կորցրել է վստահությունն իտալացի մասնագետի նկատմամբ: Անչելոտիի ապագայի համար վճռորոշ կարող է լինել Մարոկկոյում ընթացող աշխարհի ակումբային առաջնությունը:
Եթե եվրոպական Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիրը չհաղթի աշխարհի ակումբային առաջնությունում, Անչելոտին կարող է հեռացվել «Ռեալից»:
Իսպանիայի չեմպիոնը պայքարը կսկսի կիսաեզրափակիչից, որտեղ փետրվարի 8-ին կմրցի Եգիպտոսը ներկայացնող «Ալ Ահլիի» հետ, հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:
Հիշեցնենք, որ Անչելոտին 2021 թվականի հուլիսից է գլխավորում «Ռեալը»: 63-ամյա մասնագետն իսպանական գրանդը գլխավորել էր նաև 2013-2015 թվականներին: