Երևանի ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Արթուր Սերոբյանը ձմռանը պայմանագիր կկնքի Մոսկվայի «Դինամոյի» հետ։ Այդ մասին սոցցանցերում հայտնել է ֆուտբոլային ինսայդեր, Vivaro Media հեռուստաընկերության մեկնաբան Սուրեն Մելիքսեթյանը:
Այս ամռանը 19-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էին ռուսական «Սոչին», «Կրասնոդարը» և «Տորպեդոն»։ Սերոբյանը մեկնել էր Մոսկվա և «Տորպեդոյի» կազմում մասնակցել ընկերական հանդիպման։ Ռուսական ակումբի ղեկավարները և մարզիչները գոհ էին մնացել հայ ֆուտբոլիստի խաղից, բայց որոշ հանգամանքների պատճառով տրանսֆերը չէր կայացել։
Սերոբյանի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է նաև Մոսկվայի «Դինամոն»։ Ռուսական ակումբը փորձել է ձևակերպել վերջնական թղթաբանական հարցերը, սակայն բանակի հետ կապված հարցերը խոչընդոտել են։
Այժմ կողմերի միջև կա նախնական պայմանավորվածություն, որի համաձայն՝ Սերոբյանի տրանսֆերը կկայանա ձմռանը։ Ամենահավանական տարբերակն այն է, որ ձմռանը «Դինամոն» պայմանագիր կստորագրի Սերոբյանի հետ, բայց նա կշարունակի խաղալ ԲԿՄԱ-ում մինչև ծառայության ավարտը։
«Արարատ-Արմենիայի» գլխավոր տնօրեն Պողոս Գալստյանը Metaratings-ի հետ զրույցում հաստատել է, որ դինամոյականները հետաքրքրված են Արթուր Սերոբյանի ծառայություններով։
Հիշեցնենք, որ Արթուր Սերոբյանը Հայաստանի ազգային հավաքականում անցկացրել է 2 հանդիպում՝ նորամուտը նշելով 2022 թվականին:
Նախորդ մրցաշրջանում կիսապաշտպանը VBET Հայաստանի Պրեմիեր լիգայում և VBET Հայաստանի գավաթի խաղարկությունում ԲԿՄԱ-ի կազմում մասնակցել է 26 խաղի, խփել 3 գոլ ու կատարել 1 գոլային փոխանցում: Նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է Երևանի «Արարատ-Արմենիային»: