Վլադիկովկասի «Ալանիայի» հայ կիսապաշտպան Արթուր Գալոյանը ճանաչվել է Ռուսաստանի Առաջին լիգայի՝ սեպտեմբերի լավագույն ֆուտբոլիստ, հաղորդում է լիգայի մամուլի ծառայությունը:
Ավարտին մոտեցող ամսում 23-ամյա ֆուտբոլիստը խփել է 1 գոլ ու կատարել 2 գոլային փոխանցում: Գալոյանի արդյունավետության շնորհիվ «Ալանիան» վաստակել է 8 միավոր և առաջնության առաջատարն է:
Երկրորդ տեղում ռուս հարձակվող Կիրիլ Պատչենկոն է: Տուլայի «Արսենալի» ֆուտբոլիստը սեպտեմբերին խփել է 3 գոլ, որից 1-ը՝ 11-մետրանոցից:
Լավագույն եռյակը եզրափակել է Կալինինգրադի «Բալթիկայի» սերբ պաշտպան Իվան Օստոյիչը, որը սեպտեմբերին գրավել է «Ռոդինայի» դարպասը: Օստոյիչի վստահ խաղի շնորհիվ «Բալթիկայի» պաշտպանությունն ամենահուսալին է առաջնությունում: Կալինինգրադի թիմն «Ալանիայի» հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Արթուր Գալոյանն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 11 խաղի, խփել 4 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում: Transfermarkt-ը 1.2 միլիոն եվրո է գնահատում հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը: