Գերմանիայի Մյունխեն քաղաքում անցկացված սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության հենացատկի վարժությունում Արթուր Դավթյանը վաստակեց 14.983 միավոր ու դարձավ արծաթե մեդալակիր: Եվրոպայի չեմպիոն հռչակված բրիտանացի Ջեյք Ջարմանը նույնքան միավորով հաղթեց երկրորդ վարժության բարդության շնորհիվ։
Կա կարծիք, որ եզրափակիչում մրցավարները ցածր են գնահատել 30-ամյա երևանցի մարմնամարզիկի ելույթը։ VNews-ի հետ հարցազրույցում Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպական խաղերի հաղթող, նժույգ թափեր վարժության 2021թ․ Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը վերահաստատեց այդ կարծիքը։
-Իրականում, ի՞նչ կատարվեց հենացատկերի եզրափակիչում և ինչպե՞ս կմեկնաբանեք տեղի ունեցածը։
-Միանշանակ է, որ կողմնապահություն տեղի ունեցավ։ Այստեղ շատերն են ինձ հարցնում՝ մրցավարները ցածր չե՞ն գնահատել երկրորդ ցատկս։ Պատասխանում եմ, որ իմ կարծիքով ցածր են գնահատել, բայց դա արդեն կատարված փաստ է։ Ի դեպ, մրցավարներն անաչառ չէին նաև օղակների վարժության եզրափակիչում Վահագն Դավթյանի ելույթը գնահատելիս։ Վահագնը պետք է երրորդ տեղում լիներ, այլ ոչ թե 4-րդ։ Սակայն, բրիտանացի մարմնամարզիկը նրանից բարձր դասվեց։ Դա ավելի վիրավորական իրավիճակ է, քանի որ, ի տարբերություն ինձ, Վահագն առհասարակ զրկվեց մեդալից։
-Հայտնի՞ է, թե քո դեպքում մրցավարներից հատկապես ո՞վ է կողմնապահություն արել։ Բողոքարկել ե՞ք մրցավարի որոշումը։
-Չեմ կարող հստակ ասել։ Խոսքը, հավանաբար, մի քանի մրցավարների մասին է, որովհետև մեկ հոգու գնահատականը չէր կարող էապես ազդել արդյունքիս վրա։ Իսկ բողոքարկում չենք ներկայացրել, քանի որ դրա համար պաշտոնական հիմք չունենք։ Դա նախնական գնահատական չէ, որ իմանանք կոնկրետ որքան են ցածր գնահատել։ Այնուհանդերձ, բոլորս էլ գիտենք, թե ինչ է կատարվում։
-Ինչպե՞ս եք գնահատում նժույգ թափերի վարժության եզրափակիչում ձեր ելույթը։
-Անկեղծ ասած՝ այդ վարժությունից մրցանակային տեղ գրավելու համար պահանջվող գնահատական ստանալու հնարավորություն չունեի։ Պարզապես կատարեցի այն, ինչի ունակ էի։ Տոկիոյի Օլիմպիական խաղերին հաջորդած կանոնների փոփոխության պատճառով հիմա չեմ կարող կատարել որոշ տարրեր։ Ըստ այդմ՝ նախնական գնահատականս զգալիորեն իջել է։
-Առհասարակ, ինչը ձեզ հաջողվեց և հակառակը՝ չհաջողվեց այս առաջնությունում։
-Ուրախ եմ, որ ամեն դեպքում մեդալով եմ վերադառնալու։ Թիմակիցներս նաև երկու ոսկե մեդալ նվաճեցին։ Ափսոս, որ Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը և Գագիկ Խաչիկյանը չկարողացան մեդալ նվաճել։ Մեր հավաքականի հաշվին նաև 3 արծաթե մեդալ գրանցվեց։ Ընդհանրապես, մեր տղաները լավ աշխատեցին։ Կոնկրետ ինձ ամեն ինչ էլ հաջողվեց՝ նորմալ կատարել եմ այն, ինչ պահանջվում էր։ Չի եղել այնպիսի բան, որ չի հաջողվել։
-Ինչպե՞ս եք պատրաստվելու հոկտեմբերի վերջին մեկնարկող աշխարհի առաջնությանը, ինչ-որ բան փոխելու ե՞ք ձեր վարժություններում։
-Վարժություններում որևէ փոփոխություն չեմ նախատեսում։ Պատրաստվելու եմ նույն կերպ, ինչ Եվրոպայի այս առաջնությանը։
Արթուր Դավթյանի ցատկը եզրափակիչում
Վահագն Դավթյանի ելույթը եզրափակիչում


