Գերմանիայի Մյունխեն քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Դավթյանը դարձել է հենացատկ վարժության փոխչեմպիոն:
Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրը հավաքել է 14.983 միավոր: Չեմպիոն հռչակված բրիտանացի Ջեյք Ջարմանը նույնքան միավոր է վաստակել և հաղթել երկրորդ վարժության բարդության շնորհիվ։ Երրորդ արդյունքը գրանցել է ուկրաինացի Իգոր Ռադիվիլովը:
Կայացել է նաև օղակների վարժության եզրափակիչը: Հայաստանի ներկայացուցիչներից Վահագն Դավթյանը 14.766 միավորով զբաղեցրել է 4-րդ տեղը, իսկ Արթուր Ավետիսյանն 8-րդն էր (13.733): 15.133 միավորով Եվրոպայի չեմպիոն է հռչակվել Հունաստանի ներկայացուցիչ Էլեֆթերիոս Պետրոունիասը:
Վահագն Դավթյանի ելույթը
Արթուր Ավետիսյանի ելույթը
Մյունխենում Արթուր Դավթյանը մասնակցել էր նաև նժույգ թափեր վարժության եզրափակիչին, որտեղ գրավել էր 6-րդ տեղը։
Հիշեցնենք՝ նժույգ թափեր վարժությունում Հարություն Մերդինյանը հռչակվել էր Եվրոպայի չեմպիոն: Եվրոպայի առաջնությունում Հայաստանի 5 ներկայացուցիչներից եզրափակիչ դուրս չէր եկել միայն Գագիկ Խաչիկյանը, որը ելույթ է ունեցել բազմամարտում ու գրավել 32-րդ տեղը։ Չնայած դրան, Գագիկ Խաչիկյանը նվաճել է աշխարհի առաջնության ուղեգիր։
Ավելի վաղ սպորտային մարմնամարզության Եվրոպայի երիտասարդական առաջնությունում չեմպիոն էր դարձել Էրիկ Բաղդասարյանը, կրկնակի փոխչեմպիոն՝ 14-ամյա Համլետ Մանուկյանը:


