«Բանանցի», Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը նշանակվել է «Նոայի» մարզական տնօրենի պաշտոնում, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Սիրելի երկրպագուներ, մեծ ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «Նոա» ՖԱ-ի մարզական տնօրենի պաշտոնը զբաղեցրել է Արթուր Ոսկանյանը: Մասնագետի վերջին աշխատավայրը եղել է ՀՖՖ տեխնիկական կենտրոն ֆուտբոլի ակադեմիան, որտեղ պարոն Ոսկանյանը զբաղեցրել է կրկին մարզական տնօրենի պաշտոնը: Բարի գալուստ և բեղմնավոր գործունեություն ենք մաղթում Արթուր Ոսկանյանին մեր ակումբում»,- ասված է պաշտոնական հայտարարության մեջ։
47-ամյա Ոսկանյանը ֆուտբոլային կարիերայի ընթացքում խաղացել է հայկական բազմաթիվ ակումբներում, Ռուսաստանում, Կիպրոսում, Հունաստանում և Բելառուսում։ Հայաստանի ազգային հավաքականում Ոսկանյանը անցկացրել է 54 խաղ և խփել մեկ գոլ։