Կոնֆերենցիաների լիգայի H խմբի 5-րդ տուրում Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի գործող չեմպիոն «Փյունիկը» Բրատիսլավայում դրամատիկ պարտություն կրեց Սլովակիայի չեմպիոն «Սլովանից» (1:2): Պարտության գլխավոր պատճառը Հայաստանի հավաքականի դարպասապահ Դավիթ Յուրչենկոյի կոպիտ սխալն էր: Այդուհանդերձ, խմբային փուլի վերջին տուրում Երևանում շվեյցարական «Բազելին» հաղթելու դեպքում Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը դուրս կգա փլեյ-օֆֆ:
VNews-ի հետ հարցազրույցում «Փյունիկի» նախագահ Արթուր Սողոմոնյանը խոսել է այդ խաղերի մասին։
- «Սլովան» – «Փյունիկ» խաղից հետո մեկ ֆուտբոլիստի նկատմամբ քննադատությունը կարծես առավելագույններից մեկն էր հայկական ֆուտբոլի պատմության ընթացքում: Ինչո՞ւ այդպես ստացվեց:
- Բոլորս էլ շատ ենք ցավում Սլովակիայում կրած պարտության համար: Այս տարի «Փյունիկի» ֆուտբոլիստները, այդ թվում՝ Դավիթ Յուրչենկոն, լավ խաղով գերազանցեցին իրենք իրենց`բարձրացնելով «Փյունիկի» և հայկական ֆուտբոլի խաղամակարդակը: Շատ գոհ եմ թիմի ցուցադրած խաղից, ինքներդ տեսել եք, թե որքան բարդ մրցակիցների հետ ենք հանդիպել: Ինչ վերաբերում է «Սլովանի» դեմ խաղին, ես թիմի հետ մեկնել էի Սլովակիա և տեսա, թե ինչպիսի պայմաններ ունի «Սլովանը»: Այդ ակումբը իր հնարավորություններով մի քանի անգամ գերազանցում է «Փյունիկին», բայց միևնույն է՝ մեր թիմը մինչև վերջ պայքարեց «Սլովանի» հետ: Յուրչենկոն այդ խաղում կրկին բազմիցս փրկեց մեզ և մեր իսկական երկրպագուներից սպասում եմ, որ աջակցեն ամբողջ թիմին` առանց որևէ մեկին առանձնացնելու: Ճակատագիրը մեզ շանս է տվել, առջևում «Բազելի» դեմ մեր որոշիչ ճակատամարտն է լինելու, կարելի է ասել` մեր Սարդարապատը:
«Փյունիկում» բոլորս եվրագավաթային այս ելույթները ոչ միայն մեր ակումբի, այլ ամբողջ հայկական ֆուտբոլի առաջընթացին ուղղված ենք համարում: Մինչև վերջերս շատերը հայկական թիմերին անընդունակ էին համարում եվրագավաթներում հաջողությունների հասնելու հարցում, մենք ապացուցեցինք, որ այդպես չէ: Հաջորդ տարի արդեն մեր ակումբներին այլ կերպ կվերաբերվեն, որովհետև կիմանան` մեր առաջնության հաղթողը կարող է հավասար պայքար մղել Ռումինիայի, Սլովակիայի, Շվեյցարիայի և այլ երկրների ուժեղագույն թիմերի դեմ: «Ալաշկերտի»` նախորդ մրցաշրջանի հաջողությունների շնորհիվ «Արարատ-Արմենիան» այս տարի ելույթները սկսեց Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլից: Եթե մենք փլեյ-օֆֆ դուրս գանք, հաջորդ տարի հայկական երկու թիմ կմեկնարկի երկրորդ փուլից:

- Դուք նշում եք, որ «Փյունիկը» նոր մակարդակի է դուրս եկել: Դա վերաբերում է խաղին և ընդհանուր կազմակերպվածությանը: Նման պարագայում շատերիս համար զարմանալի է, թե ինչու Յուրչենկոյի պատռված խաղակոշիկի հարցը չի լուծվել: Մի՞թե դա բարդ խնդիր էր:
- Դա մեր փորձի պակասից է գալիս, որովհետև նախկինում նման խնդրի չէինք հանդիպել: Յուրչենկոն մոտեցել է մրցավարին և հայտնել պատռված խաղակոշիկի մասին` թույլտվություն խնդրելով այն փոխել, սակայն մրցավարն ասել է` եթե դարպասապահը նման բան անի, ապա երկրորդ դեղին քարտը կստանա: Մրցավարը պահանջեց այդպես շարունակել խաղը և միայն թույլ տվեց սկոտչով կապել: Իհարկե, դա նորմալ լուծում չէր, մի քանի րոպե անց սկոտչը նույնպես պոկվեց: Այդ ամենը բերեց անփույթ գոլի: Յուրչենկոն հիանալի խաղ էր անցկացնում, բայց դարպասապահի մեկ սխալն ավելի շատ է հիշվում, քան հարձակվողներինը: Վստահ եմ` այս փորձից հետո մենք հետևություններ կանենք և ավելի ուժեղ կդառնանք:
- Նշում եք` հետևություններ եք արել: Ենթադրենք, «Բազելի» դեմ խաղում նույն իրավիճակը կկրկնվի, ի՞նչ պետք է անեք:
- Լավ հարց էր: Միգուցե, փոխարինենք դարպասապահին, Սլովակիայում մեր փոխարինումները սպառվել էին: Մյուս կողմից ամբողջ թիմը պետք է հասկանա, որ նման խնդիր կա և մրցակցին թույլ չտա մոտենալ դարպասապահին, իսկ իրենք էլ ավելորդ տեղը փոխանցում չկատարեն նրան: «Սլովանի» դեմ խաղում տղաները շատ լարված էին, նրանք էլ չհասկացան, որ իրավիճակը փոխվել է, Յուրչենկոն պատահական չէր ասում խնդրի մասին: Իսկ մենք ոնց խաղում էինք, այդպես էլ շարունակում էինք։ Հիմա արդեն ֆուտբոլիստները նույն սխալը չեն գործի:
- Նոյեմբերի 3-ին տրիբունաներում անշլա՞գ եք սպասում:
- Մենք շանս ունենք հասնել աննախադեպ հաջողության, բայց դա կարող ենք անել միայն միասին: Շատ եմ խնդրում երկրպագուներին նոյեմբերի 3-ին գալ ստադիոն և աջակցել մեր թիմին: Միայն երկրպագուների աջակցության ներքո է հնարավոր հաղթել «Բազելի» պես թիմին:
Բազմիցս խոսել եմ ֆուտբոլիստների հետ, նրանք հաստատում էին, որ «Սլովանի» և «Ժալգիրիսի» նկատմամբ տնային հաղթանակներում հսկայական էր երկրպագուների դերը: Նոյեմբերի 3-ին կկայանա «Փյունիկի» 30 տարվա պատմության ամենակարևոր խաղը, և մենք ամեն ինչ կներդնենք հաղթանակի համար: Երկրպագուներն էլ կարող են որոշիչ գործոնը դառնալ այդ հաղթանակում:

.jpg)
