Հայաստանի ազգային հավաքականի և Երևանի «Արարատ-Արմենիայի» եզրային հարձակվող Արթուր Սերոբյանը մինչև 2024 թվականի հունիս վարձավճարով կխաղա Պորտուգալիայի բարձրագույն խումբը ներկայացնող «Կասա Պիա» ակումբում։ Այդ մասին հայտնել է «Ֆասթ Մեդիայի» մարզական մեկնաբան, ֆուտբոլային ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը:
Պորտուգալական ակումբը վարձակալության ժամկետը լրանալուց հետո կունենա 20-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը գնելու հնարավորություն։
Հայաստանի հավաքականում Արթուր Սերոբյանն անցկացրել է 8 հանդիպում, իսկ «Արարատ-Արմենիայի» կազմում 2023/24 մրցաշրջանում մասնակցել է 9 պաշտոնական խաղի և դարձել է 2 գոլի ու 1 ասիստի հեղինակ: Transfermarkt-ը 300 հազար եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը։