Հայաստանի ազգային հավաքականի եզրային հարձակվող Արթուր Սերոբյանն առաջին անգամ ընդգկվել է «Կասա Պիայի» մեկնարկային կազմում: Պորտուգալիայի Լիգայի գավաթի խաղարկության առաջին տուրում «Կասա Պիան» 2-1 հաշվով առավելության է հասել «Նասիոնալի» նկատմամբ:
20-ամյա հարձակվողը խաղադաշտում անցկացրել է 75 րոպե, բայց արդյունավետ գործողությամբ աչքի ընկնել չի կարողացել:
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի և Երևանի «Արարատ-Արմենիայի» եզրային հարձակվող Արթուր Սերոբյանը մինչև 2024 թվականի հունիս վարձավճարով կխաղա Պորտուգալիայի բարձրագույն խումբը ներկայացնող «Կասա Պիա» ակումբում։ Պորտուգալական ակումբը վարձակալության ժամկետը լրանալուց հետո կունենա 20-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը գնելու հնարավորություն։ Հայաստանի հավաքականում Արթուր Սերոբյանն անցկացրել է 8 հանդիպում, իսկ «Արարատ-Արմենիայի» կազմում 2023/24 մրցաշրջանում մասնակցել է 9 պաշտոնական խաղի և դարձել է 2 գոլի ու 1 ասիստի հեղինակ: