Logo

Արթուր Սերոբյան. «Միսլավ Կարոգլանը շատ էր ցանկանում ինձ տեսնել իր թիմում»

Հեղինակ
Սուրեն Մելիքսեթյան
14:30 / 22.01.2025Ֆուտբոլ
Բացառիկ
null

Հայաստանի ազգային հավաքականի և «Արարատ-Արմենիայի» եզրային հարձակվող Արթուր Սերոբյանն օրեր առաջ տեղափոխվեց Տիրասպոլի «Շերիֆ»: FastNews-ը 21-ամյա ֆուտբոլիստի հետ զրուցել է տեղափոխության, ինչպես նաև նոր ակումբում առաջին օրերի մասին:

- Ինչպե՞ս առաջացավ «Շերիֆ» տեղափոխության տարբերակը, այդ պահին ունեի՞ր այլ տարբերակներ, թե՞ «Շերիֆը» քո ծառայություններով հետաքրքրվող միակ ակումբն էր:

- Առաջարկներ կային նաև հունական և ռուսական ակումբներից, բայց «Շերիֆի» առաջարկն ամենալավն էր: Ակումբը մեծ հետաքրքրություն ցուցաբերեց իմ նկատմամբ: Գլխավոր մարզիչ Միսլավ Կարոգլանն էլ անձամբ ցանկանում էր ինձ տեսնել թիմում:

- Նախքան տեղափոխությունն ի՞նչ գիտեիր «Շերիֆի» և Մոլդովայի առաջնության մասին:

- Կարծում եմ՝ «Շերիֆի» մասին բոլորը գիտեն, քանի որ ակումբը մեծ համբավ ունի թե՛ Մոլդովայում, թե՛ Եվրոպայում: Նախորդ ամռանն էլ խաղացել եմ մոլդովական մեկ այլ ակումբի՝ «Զիմբրուի» դեմ և բավարար պատկերացում ունեի: Տեղափոխությանս գլխավոր շարժառիթը մարզչի՝ ինձ թիմում տեսնելու մեծ ցանկությունն էր, ինչպես նաև ակումբի նպատակները:

- Ինչպե՞ս ընդունեցին նոր ակումբում: Հասցրե՞լ ես մտերմանալ թիմակիցներիդ հետ:

- Թե՛ ղեկավարությունը, թե՛ տղաները շատ լավ ընդունեցին: Նույնը կարող եմ ասել մարզչական շտաբի մասին: Այնպես որ, ամեն ինչ լավ է:

- «Շերիֆում» է խաղում Վադիմ Պաիրելին, որը նախկինում ներկայացնում էր «Նոան», ընդ որում՝ նա քո անմիջական մրցակիցներից է լինելու, քանի որ խաղում է հարձակման աջ եզրում: Զրուցե՞լ եք այդ թեմայով:

- Զրուցել ենք, երբ առաջին օրը հանդիպեցինք: Երևանը նրան շատ է դուր եկել: Հետո մի քանի օր անդադար միայն Երևանից էինք խոսում: Մրցակցության մասին չենք խոսել, և կխաղա նա, ով տվյալ պահին ավելի պատրաստ կլինի:

- Ի՞նչ կասես «Շերիֆի» ստադիոնի ու ենթակառուցվածքների մասին, եղե՞լ ես ակումբի մարզաբազայում:

- Առաջին օրն այցելեցի մարզաբազա: Հոյակապ պայմաններ ունեն: Ստադիոնը նույնպես բարձրակարգ է: Ես հենց մարզաբազայում էլ ապրում եմ, քանի որ ամեն ինչ կա՝ կատարելագործվելու և ճիշտ ռեժիմ պահելու համար:

- Առանձնազրույց ունեցե՞լ ես գլխավոր մարզչի հետ: Ի՞նչ դերում և ո՞ր դիրքում է ցանկանում քեզ օգտագործել:

- Մի քանի անգամ զրուցել ենք, երբ դեռ մարզական հավաքը չէր մեկնարկել: Տեղափոխվելուց հետո էլ հանդիպեցինք մարզաբազայում և քննարկեցինք բազմաթիվ ֆուտբոլային դետալներ: Նա ինձ տեսնում է աջ վինգերի դիրքում, չնայած մարզումներին երբեմն գործում եմ նաև հարձակման ձախ եզրում, ինչպես նաև՝ ենթահարձակվողի դիրքում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա