Հայաստանի ազգային հավաքականն Ազգերի լիգայի C դիվիզիոնի խմբային փուլի վերջին խաղում 2-1 հաշվով հաղթեց Լատվիային և առաջիկա գարնանն անցումային խաղեր կանցկացնի B լիգա դուրս գալու համար: Ռիգայում կայացած հանդիպման հաղթական գոլը խփեց ռումինական «Ունիվերսիտատյա Կլուժի» հարձակվող Արթուր Միրանյանը, որը 12-րդ խաղն անցկացրեց ազգային թիմում ու բացեց գոլերի հաշիվը:
FastNews-ի հետ զրույցում 28-ամյա ֆուտբոլիստը խոսել է հավաքականում առաջին գոլի ու ակումբային կարիերայում վերջին զարգացումների մասին:
Արթուր, ազգային հավաքականում անցկացրած 12-րդ խաղում խփեցիր առաջին գոլը, որը դարձավ հաղթական: Դժվա՞ր էր այդքան սպասելն առաջին գոլին, և ի՞նչ էիր զգում գոլ խփելու պահին:
Երկար սպասված գոլ էր թե՛ ինձ, թե՛ երկրպագուների համար: Շատ ուրախ եմ և չեմ կարող նկարագրել, թե այդ պահին ինչ զգացողություններ ունեի: Այդ պահին միայն հաղթանակի մասին էի մտածում: Միայն հանդիպման ավարտից հետո, երբ էմոցիաներն անցել էին, սկսեցի գիտակցել գոլի կարևորությունը: Ամենակարևորն այն է, որ այդ գոլի շնորհիվ մենք հաղթեցինք:
Վերջին 2 խաղում նոր սխեմայով էինք խաղում: Եթե համեմատենք Ալեքսանդր Պետրակովի կիրառած տարբերակների հետ, քո և հավաքականի համար ո՞ր տարբերակն է ավելի հարմար:
Անկախ սխեմայի փոփոխությունից խաղադաշտում բոլորս հասկանում ենք, թե ինչ պետք է անել, բայց եթե անհատական առումով մոտենանք հարցին, ես եզրում էի խաղում: Պետք է փորձեի տեղաշարժվել դաշտի կենտրոն, որն ինձ այդքան էլ հոգեհարազատ չէր: Ինձ ավելի լավ եմ զգում կենտրոնական հարձակվողի կամ երկրորդ հարձակվողի դիրքում խաղալիս: Ըստ իս՝ հավաքականի համար էլ ավելի նախընտրելի տարբերակ է 4 պաշտպանով խաղալը:
Ի՞նչ կասես հավաքականի հարձակման գծի ֆուտբոլիստների հետ համագործակցության մասին:
Բոլոր տղաների հետ էլ հաճելի է խաղալ, քանի որ իսկապես որակյալ ֆուտբոլիստներ ունենք: Ուղղակի քիչ ժամանակ ենք ունենում միմյանց հետ աշխատելու համար: Բոլոր հավաքականներն էլ արդեն կարողանում են թե՛ լավ հարձակվել, թե՛ լավ պաշտպանվել, դրա համար էլ բարդ է լինում հաճախ գոլեր խփելը: Բայց մենք միշտ ամեն ինչ անում ենք երկրպագուներին ուրախացնելու համար:
Երկար սպասելուց հետո ամառային տրանսֆերային պատուհանի վերջում տեղափոխվեցիր «Ունիվերսիտատյա Կլուժ»: Ի՞նչ այլ տարբերակներ ունեիր, և արդյո՞ք սա լավագույն տարբերակն էր կարիերադ շարունակելու համար:
Շատ ուրախ եմ տեղափոխության համար, քանի որ ցանկանում էի ուժերս փորձել նաև արտերկրում: Տարբերակներ կային նաև Իրանից և Ռուսաստանից: Կարծում եմ՝ մենք միշտ գտնվում ենք այնտեղ, որտեղ պետք է գտնվենք: Հուսով եմ, որ ակումբիս կազմում մեծ հաջողություններ կգրանցեմ:
Նոր թիմին և առաջնությանն ադապտացվելը հե՞շտ է ստացվել:
Առաջին տպավորությունները շատ լավն էին: Ինձ շատ ջերմ ընդունեցին: Շատ լավ եմ զգում և արդեն ադապտացիայի խնդիր չունեմ: Խաղից խաղ փորձում եմ օգնել ակումբին և հասնել իմ առջև դրված նպատակներին:
Ռումինիայի առաջնությունը խաղամակարդակով շա՞տ է տարբերվում Fastex Պերմիեր լիգայից:
Ռումինիայի առաջնությունում ֆուտբոլիստները ֆիզիկապես շատ ավելի ուժեղ են: Գլխավոր տարբերությունն էլ այն է, որ այստեղ յուրաքանչյուր խաղի 10-15 հազար երկրպագու է այցելում: Եվ կապ չունի՝ տվյալ ակումբը չեմպիոնության համար է պայքարում, թե Բարձրագույն խմբում տեղը պահպանելու համար:
Դեռևս մեկնարկային կազմի խաղացող չես համարվում: Մարզչի հետ խոսե՞լ ես այս մասին: Կա՞ հավանականություն, որ առաջիկայում կդառնաս հիմնական կամզի ֆուտբոլիստ:
Ստացածս յուրաքանչյուր րոպեն փորձում եմ օգտագործել, որպեսզի ավելի շատ խաղամ: Մարզչի հետ զրուցել եմ և կարծում եմ, որ եթե պահեմ ներկայիս տեմպը, շուտով կդառնամ մեկնարկային կազմի ֆուտբոլիստ:
Ռումինիայում է խաղում նաև Նարեկ Գրիգորյանը, որի հետ թիմակիցներ եք եղել «Ուրարտուի» կազմում, այժմ էլ միասին խաղում եք հավաքականում: Հաճա՞խ եք հանդիպում Նարեկի հետ:
Մեր քաղաքները հեռու են իրարից, բայց 2 տուր առաջ մեր թիմերը հանդիպեցին միմյանց, իսկ մինչև այդ իրենց թիմը մեր քաղաքում գավաթային խաղ ուներ: Այդ խաղից հետո հանդիպեցինք, զրուցեցինք: Հետո արդեն տեղի ունեցավ մեր մրցակցությունը, որտեղ գրանցվեց ոչ-ոքի: Հաճախ չի ստացվում հանդիպել, բայց իրար հետ կապը պահում ենք: