Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը մայրցամաքի չեմպիոն հռչակվեց Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության հենացատկի վարժությունում:
Հայ մարմնամարզիկը եզրափակիչում վաստակեց 15.033 միավոր: Դավթյանը Եվրոպայի չեմպիոն էր դարձել նաև 2021 թվականին Բազելում՝ լավագույն արդյունքը գրանցելով նժույգ թափերում:
Հիշեցնենք, որ Արթուր Դավթյանը բազմամարտում զբաղեցրել էր չորրորդ տեղը, իսկ նժույգ թափերում նվաճել էր բրոնզե մեդալ: Հայաստանի ներկայացուցիչներից Վահագն Դավթյանը դարձել էր փոխչեմպիոն օղակների վարժությունում, իսկ Արթուր Ավետիսյանը զբաղեցրել էր 7-րդ տեղը:
Եվրոպայի առաջնությանը Հայաստանի հավաքականի կազմում մասնակցում էին նաև Գագիկ Խաչիկյանը և Եվրոպայի չեմպիոն Հարություն Մերդինյանը, որոնք չեն հաղթահարել բազմամարտի ու նժույգ թափերի որակավորման փուլը։