Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը չկարողացավ մեդալ նվաճել սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության հենացատկի վարժությունում։
Բելգիայի Անտվերպեն քաղաքում ավարտին մոտեցող ԱԱ-ում Եվրոպայի կրկնակի չեմպիոնը գրավեց 6-րդ տեղը։
Հենացատկի վարժության 2022թ․ աշխարհի չեմպիոն Դավթյանը եզրափակիչում հաջող չկատարեց առաջին փորձը, որում նա անհաջող վայրէջք կատարեց: 31-ամյա մարմնամարզիկի երկրորդ փորձը լավագույնն էր բոլոր մասնակիցների մեջ՝ 15,11 միավոր, բայց երկու ելույթների միջին ցուցանիշով Հայաստանի ներկայացուցիչը գրանցեց 14,549 միավոր: Նա 0,001 միավորով հետ մնաց 5-րդ տեղը գրաված ամերիկացի Փոլ Ջուդայից:
Աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճեց բրիտանացի Ջեք Ջերմանը: Արծաթե մեդալակիր դարձավ ամերիկացի Խոի Յանգը, երրորդ տեղը գրավեց ուկրաինացի Նազար Չեպուրնին:
Հիշեցնենք, որ ԱԱ-ում Արթուր Դավթյանը նվաճել էր Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի ուղեգիր։ Հայաստանի մյուս ներկայացուցիչները ևս չէին կարողացել մեդալակիր դառնալ աշխարհի առաջնությունում։