Արթուր Դավթյանը նվաճեց Գերմանիայի Կոտբուս քաղաքում ավարտին մոտեցող սպորտային մարմնամարզության առանձին վարժությունների աշխարհի գավաթի խաղարկության հենացատկի վարժության հաղթողի կոչումը։
Աշխարհի չեմպիոն, Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպական խաղերի հաղթող, Եվրոպայի չեմպիոն, կրկնակի փոխչեմպիոն և բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը եզրափակիչում վաստակեց 15.133 միավոր: 30-ամյա մարմնամարզիկը լավագույն արդյունքն էր գրանցել նաև որոկավորման փուլում։
Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներից Գագիկ Խաչիկյանը դարձել էր արծաթե մեդալակիր, Արթուր Ավետիսյանը նվաճել էր բրոնզե մեդալ, Եվրոպական խաղերի և Եվրոպայի փոխչեմպիոն Վահագն Դավթյանը զբաղեցրել էր չորրորդ տեղը, իսկ Եվրոպայի կրկնակի չեմպիոն, փոխչեմպիոն ու եռակի բրոնզե մեդալակիր, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանը չէր կարողացել հաղթահարել որակավորման փուլը:
Հիշեցնենք, որ փետրվարի 7-ից հայ մարմնամարզիկները երկշաբաթյա ուսումնամարզական հավաք էին անցկացնում Թբիլիսիում, որտեղից մեկնել են մրցավայր։ Հայաստանի թիմը Կոտբուսից ուղևորվելու է Կատարի մայրաքաղաք Դոհա՝ մասնակցելու աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլին, որը կկայանա մարտի 1-4-ը: Դոհայում ելույթ կունենան Հարություն Մերդինյանը, Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը և Գագիկ Խաչիկյանը: Աշխարհի գավաթի խաղարկության փուլերը վարկանիշային են աշնանը Բելգիայում անցկացվելիք աշխարհի առաջնության համար, որի ընթացքում կխաղարկվեն Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգրեր։
Հակոբ Սերոբյանը՝ Գերմանիայից․ «Այստեղ են աշխարհի բոլոր ուժեղագույն մարմնամարզիկները»
Հակոբ Սերոբյանը՝ Գերմանիայից. «Առայժմ ամեն ինչ նորմալ է ընթանում»