Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականն այս գիշեր վերադարձել է Անգլիայի Լիվերպուլ քաղաքից, որտեղ մասնակցել էր աշխարհի առաջնությանը։ «Զվարթնոց» օդանավակայանում մարզիկներին դիմավորել են զուռնա-դհոլով։
Հենացատկի վարժությունում աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճած Արթուր Դավթյանը լրագրողների հետ զրույցում խոսել է իր հաղթանակի մասին։
«Շատ ուրախ եմ։ Անկախությունից հետո ոսկե մեդալ չէինք ունեցել աշխարհի առաջնությունում։ 2015-ին բրոնզե մեդալ էր նվաճել Հարություն Մերդինյանը, և նա կրկնեց հաջողությունը։ Փասռք Աստծո, կարողացա կոտրել սառույցը և ոսկե մեդալ նվաճել։ Առաջին անգամ ենք աշխարհի առաջնությունից վերադառնում 2 մեդալով։ Հաջորդ տարին կարևոր է, պետք է վարկանիշ ձեռք բերենք Օլիմպիական խաղերի համար։ Պետք է պատրաստվենք ու ձգտենք, որ հաջորդը լինի օլիմպիական ոսկե մեդալը»,- ասել է Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպական խաղերի հաղթող ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը։
Կարիերայում երկրորդ անգամ աշխարհի առաջնության նժույգ թափեր վարժության բրոնզե մեդալակիր դարձած Հարություն Մերդինյանը գոհ է իր ելույթից։
«Պատրաստվածությունը լավ էր։ Մասնակիցները բավականին ուժեղ էին, բայց ստացվեց մեդալ նվաճել։ Նյարդային պայքար էր, իսկ ես վերջինն էի մասնակցում։ Վստահ էի ուժերիս, վարժությունս 100 տոկոսով կարողանում էի անել, ոչ մի թերություն չկար։ Շեշտը դրել էի վարժության մաքրության վրա, և դրա շնորհիվ կարողացա երրորդ տեղը գրավել»,- ասել է 38-ամյա Հարություն Մերդինյանը։
Հիշեցնենք, որ Արթուր Դավթյանը դարձել էր անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին աշխարհի չեմպիոնը սպորտային մարմնամարզությունում:
Հայաստանի ևս 2 ներկայացուցիչներ դուրս էին եկել օղակների վարժության եզրափակիչ, որտեղ Արթուր Ավետիսյանը զբաղեցրել էր 4-րդ, Վահագն Դավթյանը՝ 6-րդ տեղը: