Սպորտային մարմնամարզության աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Եվրոպական խաղերի հաղթող, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանի հաջորդ նպատակն օլիմպիական չեմպիոն դառնալն է։ Այդ մասին երևանցի 30-ամյա մարմնամարզիկը հայտնել է VNews-ի թղթակցի հետ զրույցում՝ տեղեկացնելով նաև, թե որքան ժամանակ է նախատեսում իր ելույթներով ուրախացնել երկրպագուներին։
«Մինչև Լիվերպուլում տեղի ունեցած աշխարհի առաջնությունը երազում էի համաշխարհային այդ մրցման ցանկացած կարգի մեդալ նվաճելու մասին։ Երջանիկ եմ, որ կարողացա հասնել առավելագույնին և նվաճել ոսկե մեդալ։ Հիմա արդեն ձգտելու եմ օլիմպիական չեմպիոն դառնալ. առաջիկա տարիներին դա է լինելու գլխավոր նպատակս»,- խոստովանեց Արթուրը։
Հարցին, թե ինչպես է պատկերացնում վերելքը դեպի Օլիմպոսի գագաթ՝ մարմնամարզիկը պատասխանեց. «Այդ նպատակին հասնելու առաջնային պայմաններն են ձգտումը և քրտնաջան մարզումները։ Օլիմպաիական «ոսկուն» հասնելուն շատ քիչ է մնում։ Փորձի և պատրաստվածության պակաս չունեմ։ Ամեն ինչ կախված է լինելու նրանից, թե ինչպես կկատարեմ բուն ցատկը և կավարտեմ վարժությունը։ Մարմնամարզությունում ընդամենը փոքր ավելորդ քայլը կարող է մեդալի արժեք ունենալ։ Դրանից խուսափելը շատ բարդ է, բայց ոչինչ չես անի՝ այդպիսին է մեր մարզաձևի առանձնահատկությունը։
Պետք է փորձեմ նաև մինչև Օլիմպիական խաղերը փոքր-ինչ բարդացնել վարժությունս։ Հրաշալի կլինի, եթե հաջողվի, որովհետև այդ դեպքում ոսկե մեդալ նվաճելու հնարավորություններս ավելի կաճեն։ Մնում է միայն, որ վնասվածքները չխանգարեն։ Ի դեպ, աշխարհի այս առաջնությունից առաջ նույնպես մտածում էի վարժությունս բարդացնելու կամ գոնե նման փորձ կատարելու մասին, սակայն ոտքիս վնասվածքն այդպես էլ թույլ չտվեց դա անել։ Հասկացա, որ պետք չէ ռիսկի դիմել նման կարևոր մրցումից առաջ և խորացնել վնասվածքը։ Իսկ հիմա կբուժվեմ և կսկսեմ յուրացնել ավելի բարդ վարժություն»։

Արթուրը պատմեց, որ մտադիր է մասնակցել նաև Լոս Անջելեսում կայանալիք 2028 թվականի Օլիմպիական խաղերին։
«Կարծում եմ՝ մինչև 2028 թվականի Օլիմպիական խաղերը կկարողանամ մարզվել։ Ինչպես նշեցի, որոշիչ է լինելու վնասվածքների գործոնը։ Հասկանում եմ, որ դժվար է լինելու, սակայն այս պահին զգում եմ, որ ևս 6 տարի շարունակելու ուժ ունեմ։ Թեպետ, անկեղծ ասած, երբեմն դժվարանում եմ հասնել լավագույն մարզավիճակին և պահպանել այն։ Հուսով եմ՝ վնասվածքները շատ չեն խանգարի, թույլ կտան, որ լիարժեք մարզվեմ ու Աստծո կամքով մասնակցեմ նաև Լոս Անջելեսի օլիմպիական խաղերին»,- նշեց մարզիկը։
Արթուր Դավթյանը հայտնեց նաև, որ Հայաստանի դրոշի ներքո ելույթները կվերսկսի արդեն հաջորդ տարվա մարտին՝ մասնակցելով աշխարհի գավաթի խաղարկության փուլերին։ Մինչև այդ, դեկտեմբերի 17-ին, մասնակցելու է Ֆրանսիայի ազգային ակումբային մրցմանը։ Հատկանշական է, որ այդ մրցաշարում ելույթ է ունենալու ոչ թե հենացատկում, այլ միայն զուգափայտերի և օղակների վրա, ինչպես նաև ազատ վարժություններում, որոնց կատարումը չի ենթադրում վնասված ծնկի ծանրաբեռնում։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին Արթուր Դավթյանը դարձել էր անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին աշխարհի չեմպիոնը սպորտային մարմնամարզությունում՝ հաղթելով Անգլիայի Լիվերպուլ քաղաքում կայացած աշխարհի առաջնության հենացատկի վարժությունում։


