Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) 6-րդ անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը։
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ավարտված հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչում գյումրեցի ըմբիշը 5-1 հաշվով հաղթեց բուլղարացի Կիրիլ Միլովին, որը UWW-ի դասակարգման առաջատարն է 97 կգ քաշային կարգում։
Առաջին մրցափուլում Ալեքսանյանը վաստակեց 5 միավոր, իսկ երկրորդում ընդամենը մեկ միավոր տվեց մրցակցին ու պահպանեց առավելությունը։
Արթուր Ալեքսանյանը մեկնարկել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 3-1 հաշվով հաղթել էր վրացի Ռոբերտ Կոբլիաշվիլիին: Քառորդ եզրափակիչում 31-ամյա ըմբիշը 7-4 հաշվով պարտության էր մատնել հունգարացի Տամաս Լևային, իսկ կիսաեզրափակիչում 9-0 հաշվով ուժեղ էր գտնվել չեխ Արթուր Օմարովից:
Օլիմպիական չեմպիոնը նախորդ անգամ Եվրոպայի առաջնությանը մասնակցել էր 2020 թվականին։ Ալեքսանյանը ԵԱ-ում հաղթել էր նաև 2012, 2013, 2014, 2018 և 2020 թվակններին։
10 ըմբիշով մրցավայր մեկնած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը ելույթն ավարտեց 2 ոսկե ու մեկ բրոնզե մեդալով և թիմային հաշվարկում գրավեց չորրորդ տեղը։ Նախօրեին Եվրոպայի կրկնակի չեմպիոն էր դարձել Մալխաս Ամոյանը (77 կգ), իսկ Հրաչյա Պողոսյանը (63 կգ) նվաճել է բրոնզե մեդալ:
Հիշեցնենք, որ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը ԵԱ-ին մասնակցել էր 8 ըմբիշով ու 2 ոսկե մեդալով թիմային հաշվարկում զբաղեցրել էր 5-րդ տեղը։ Եվրոպայի եռակի չեմպիոն էր դարձել Արսեն Հարությունյանը (61 կգ), իսկ աշխարհի գավաթակիր Վազգեն Թևանյանը (65 կգ) Եվրոպայի Մ17, Մ20 ու Մ23 առաջնություններում հաղթանակներին ավելացրել էր նաև մեծահասակների չեմպիոնի տիտղոսը։