Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է վնասվածք ունեցող պաշտպաններ Ռիկարդո Կալաֆիորիի և Յուրիեն Թիմբերի, վինգեր Բուկայո Սակայի մասին:
«Կալաֆիորին կրկին վնասվածք է ստացել հավաքականում։ Ցավալի է, որ պատմությունը կրկնվում է։ Կարող էր ավելի վատ լինել, ուստի հուսով ենք` նա շարք կվերադառնա մի քանի շաբաթից։ Տեսնենք` ինչպես կզարգանան իրադարձությունները։
Յուրիենը երկար ժամանակ վատառողջ էր։ Անցնող օրերին նա լավ է զգացել և կմասնակցի առաջիկա հանդիպմանը»,- բասկ մասնագետի խոսքը մեջբերում է «Զինագործների» պաշտոնական կայքը։
43-ամյա մասնագետը նաև հայտնել է, որ ակումբի վինգեր Բուկայո Սական ապաքինվել է վնասվածքից և պատրաստ է խաղադաշտ վերադառնալ։ 23-ամյա ֆուտբոլիստն ազդրի վնասվածքի պատճառով բացակայում էր նախորդ տարվա դեկտեմբերից։
«Արսենալը» հաջորդ հանդիպումը կանցկացնի ապրիլի 1-ին՝ Անգլիայի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրում սեփական դաշտում մրցելով «Ֆուլհեմի» դեմ։ Հանդիպումը ժամը 22:45-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում: