Logo

Արտաշես Ներսիսյան. «Հայտացուցակում ընդգրկված 14 ծանրորդներից ԵԱ-ին մասնակցելու են 10-ը»

Հեղինակ
Հրայր Նազարյան
17:52 / 15.03.2023Ծանրամարտ
Բացառիկ
null

Ծանրամարտի կանանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը հրապարակել է ապրիլի 15-23-ը Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնության ընդլայնված հայտացուցակը, որում ընդգրկել է 14 մարզուհի։ Գյումրեցի մասնագետը VNews-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ նշված մարզուհիներից միայն 10-ին է վիճակվելու մրցահարթակ դուրս գալ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

«Այժմ ուսումնամարզական հավաք ենք անցկացնում Աբովյանում։ Մարզումներն ընթանում են նորմալ, բնականոն հունով։ Նույնը կարող եմ ասել այս պահին արձանագրված ցուցանիշների մասին։ Պատկերն առավել հուսադրող է 55, 76, 81 և 87 կգ քաշային կարգերում։ Ներկայացված հայտացուցակում անպայման կլինեն փոփոխություններ, քանի որ Եվրոպայի առաջնությունում ունենալու ենք 10 մասնակից»,- նշեց գլխավոր մարզիչը։

Արտաշես Ներսիսյանը նշեց, որ հիմա մարզիչների հատուկ ուշադրության կենտրոնում են մարտի 25-ից ապրիլի 1-ը Ալբանիայում կայանալիք աշխարհի երիտասարդական առաջնությանը պատրաստվող Ալինա Սուքիասյանը (71 կգ), Աննա Ամրոյանը (76 կգ) և Էմմա Պողոսյանը (81 կգ)։ Մարզիչը զերծ մնաց նշված մարզուհիներից իր ակնկալիքները մանրամասնելուց՝ հորդորելով սպասել մրցումների մեկնարկին։

ԵԱ-ում կանանց Հայաստանի հավաքականի ընդլայնված հայտացուցակում ընդգրկված են Իզաբելա Յայլյանը և Ալեքսանդրա Գրիգորյանը (երկուսն էլ՝ 55 կգ), Մերի Միսակյանը (59 կգ), Անուշ Արշակյանը (64 կգ), Ալինա Սուքիասյանը (71 կգ), Տաթև Հակոբյանը, Միլենա Խաչատրյանը և պահեստային Աննա Ամրոյանը (բոլորն էլ՝ 76 կգ), Լիանա Գյուրջյանը և Էմմա Պողոսյանը (երկուսն էլ՝ 81 կգ), Հռիփսիմե Խուրշուդյանը, Մարգարիտա Առաքելյանը և պահեստային Մերի Թումասյանը (բոլորն էլ՝ 87 կգ), Ջուլիետա Ավանեսյանը (+87 կգ)։

Մարզիչի խոսքով՝ ընթացիկ հավաքն ավարտվելու է մարտի 26-ին, իսկ երեք օր անց, դարձյալ Աբովյանում, մեկնարկելու է նախապատրաստության եզրափակիչ փուլը։    

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ