Logo

Արտակ Գրիգորյանը համալրեց ամենահավատարիմ ֆուտբոլիստների «200-ի ակումբի» կազմը

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
14:39 / 18.04.2023Ֆուտբոլ
null

«Ալաշկերտի» ավագ Արտակ Գրիգորյանը ֆուտբոլային կարիերայում հերթական ուշագրավ ցուցանիշը գրանցեց «Փյունիկի» դեմ Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի խաղում։ 35-ամյա կիսապաշտպանը երևանյան թիմի մարզաշապիկով Հայաստանի առաջնություններում հոբելյանական՝ 200-րդ խաղն անցկացրեց:

Նա դարձավ այդ սահմանագիծը հատած առաջին ալաշկերտցին՝ համալրելով Հայաստանի առաջնությունների ամենահավատարիմ ֆուտբոլիստների «200-ի» ակումբի շարքերը: Խորհրդանշական այդ ակումբում ընդգրկված են միևնույն թիմի կազմում Fastex ՀՊԼ-ում 200 և ավելի խաղ անցկացրած ֆուտբոլիստները:

Արտակ Գրիգորյանը դարձավ «200-ի ակումբի» ընդամենը 23-րդ անդամը 1992 թվականից անցկացվող Հայաստանի առաջնությունների պատմության մեջ, ինչը վկայում է սահմանված նշաձողը հաղթահարելու բարդությունների մասին: Դրանք մի քանիսն են:

Հայաստանի առաջնություններում սովորաբար մեծ թիվ են կազմում թիմից թիմ ֆուտբոլիստների տեղափոխությունները, որի հետևանքով քչերն են երկար տարիներ ելույթ ունենում նույն թիմում: Տեղափոխությունների մի մասն էլ պայմանավորված է առաջնության մասնակից մի շարք թիմերի լուծարմամբ: Եվ վերջապես, ավելի հաջողակ ֆուտբոլիստներն իրենց կարիերայի ընթացքում մեկնել են Հայաստանից՝ խաղալով արտերկրի տարբեր ակումբներում:

Արտակ Գրիգորյանը ֆուտբոլային ամբողջ կարիերան անցկացրել է հայկական ակումբներում: Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը 8-րդ մրցաշրջանն է անցկացնում «Ալաշկերտում», որի կազմում նորամուտը նշել է 2015/16թթ. առաջնությունում: Մինչև այդ, նա խաղացել էր «Արարատում», «Ուլիսում», «Գանձասար-Կապանում» և «Միկայում»:

Հենց «Ալաշկերտում» էլ նա հասել է ֆուտբոլային կարիերայում ամենանշանակալի նվաճումներին՝ արժանանալով Հայաստանի քառակի չեմպիոնի և կրկնակի սուպերգավաթակրի տիտղոսներին, մեկ անգամ դարձել է Հայաստանի գավաթակիր, երկու անգամ՝ բրոնզե մրցանակակիր:

Ամենահավատարիմ ֆուտբոլիստների «200-ի» ակումբում նախորդ համալրումը տեղի էր ունեցել 2021թ. փետրվարի 20-ին: Այդ օրը «Լոռիի» հետ խաղում Գյումրիի «Շիրակի» ավագ Աղվան Դավոյանը հարազատ թիմի մարզաշապիկով Բարձրագույն խմբում 200-րդ անգամ էր խաղադաշտ դուրս եկել: «200-ի ակումբի» կազմում Աղվան Դավոյանը դարձել էր գյումրեցի 14-րդ ֆուտբոլիստը: Դա վկայում է հարազատ ակումբին գյումրեցիների անմնացորդ հավատարմության մասին: Ընդհանրապես գյումրեցիները շատ հազվադեպ են այլ թիմեր տեղափոխվել: Միայն ֆինանսական վիճակի վատթարացումն է ստիպել գյումրեցիներից ոմանց ժամանակավորապես փոխելու ակումբային գրանցումը: Իսկ երբ վիճակը բարելավվել է, նրանք վերադարձել են հարազատ կոլեկտիվ:

Հետաքրքիր է, որ Արտակ Գրիգորյանն Արարատ Հարությունյանից և Կարեն Ալեքսանյանից հետո «200-ի ակումբի» 3-րդ անդամն է, որ առավել հաճախ է թիմից թիմ տեղափոխվել՝ խաղալով հայկական 5 թիմերում: Իսկ ահա նախկին շիրակցիներ Ռայմոնդ Զադուրյանը, Գագիկ Մարգարյանը, Հենրիկ Բատիկյանը, Արթուր Պետրոսյանն ու Հակոբ Արտոյանը, «Փյունիկի» նախկին ավագ Սարգիս Հովսեփյանը և «Միկայի» նախկին պաշտպան Ալեքս Էնրիկե դա Սիլվան Հայաստանում ֆուտբոլային կարիերան անցկացրել են միայն մեկ թիմի կազմում:

Ճիշտ է, Ռայմոնդ Զադուրյանը մեկ մրցաշրջան` 2005թ. պաշտպանել է Առաջին խմբում հանդես եկած նորաստեղծ «Երևան Յունայթեդի» դարպասը: Գյումրիին հավատարիմ են մնացել նաև Կարեն Գ. Խաչատրյանն ու Անդրանիկ Բարիկյանը, որոնք մինչև «Շիրակում» ընդգրկվելը, ֆուտբոլային կարիերան սկսել են «Շիրակ-2-ում», որի կազմում 1998թ. մասնակցել են Բարձրագույն խմբի առաջնությանը:

Իսկ ինչպիսի՞ն են ամենահավատարիմ ֆուտբոլիստների «200-ի ակումբի» կազմը համալրելու հեռանկարները: Այդ առումով պատկերը շատ տխուր է: Ամենաիրական թեկնածուները շիրակցի Արտյոմ Միքայելյանն ու ալաշկերտցի Արտակ Եդիգարյանն են: 31-ամյա Միքայելյանը «Շիրակում» Fastex ՀՊԼ-ում 161 խաղ է անցկացրել, 33-ամյա Եդիգարյանն «Ալաշկերտում» մասնակցել է 159 խաղի: Լավագույն դեպքում նրանք հաջորդ մրցաշրջանի ավարտին կարող են համալրել «200-ի ակումբի» կազմը:

Ընթացիկ առաջնության մասնակիցներից իրենց ներկայիս թիմերում առավել շատ հանդիպումներ են անցկացրել նաև «Ալաշկերտի» 33-ամյա դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը (136), «Ուրարտուի» 24-ամյա ֆուտբոլիստ Կարեն Մելքոնյանը (129), «Արարատի» 36-ամյա ավագ Հրայր Մկոյանը (120) և 32-ամյա փյունիկցի Էդգար Մալաքյանը (116): Նշված ֆուտբոլիստներից, հաշվի առնելով տարիքը, «200-ի ակումբի» անդամ դառնալու լավ հնարավորություն ունի Կարեն Մելքոնյանը, եթե առնվազն ևս երկու մրցաշրջան խաղա «Ուրարտուի» կազմում:

VNews-ը ներկայացնում է Հայաստանի առաջնությունների  ամենահավատարիմ ֆուտբոլիստների «200-ի ակումբի» ցանկը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա