Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի փոխչեմպիոն Երևանի «Փյունիկի» նորեկ, կիսապաշտպան Արտակ Գրիգորյանը խոսել է էստոնական «Նարվա Տրանսի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի խաղերի (2-0, 3-0), թիմին հարմարվելու և առաջիկա մրցակցի մասին:
«Շնորհավորում եմ բոլորիս, կարող եմ ասել, որ շատ լավ ստացվեց թե՛ տնային, թե՛ արտագնա հանդիպումը:
Սկզբում մի փոքր դժվար էր թիմին ընտելանալը, բայց «Փյունիկը» ուժեղ և մարտունակ թիմ է, եկել եմ այստեղ իմ տիտղոսներն ավելացնելու համար:
Գիտեմ, որ առաջիկա մրցակիցն ուժեղ թիմ է: Կարծում եմ՝ արդեն այսօրվանից կսկսենք ուսումնասիրել «Կալմարին»: Մարզիչները ամեն ինչ անում են, որպեսզի ավելի շատ տեղեկություն ունենանք մրցակցի մասին, և հուսով եմ, որ լավ հանդիպում կանցկացնենք»,- 35-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ «Փյունիկ» - «Կալմար» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի դիմակայության առաջին խաղը տեղի կունենա հուլիսի 27-ին Շվեդիայում և կմեկնարկի Երևանի ժամանակով 21:00-ին:
Ֆոտո՝ «Փյունիկի» մամուլի ծառայություն