Լոնդոնի «Արսենալն» Անգլիայի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի խաղում երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Բրայթոնի» դարպասը: Գոլով աչքի ընկան Գաբրիել Ժեզուսն ու Կայ Հավերցը:
«Ասթոն Վիլան» հյուրընկալվելիս 2-1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Բրենթֆորդի» դեմ խաղում: Բիրմինգհեմյան ակումբի կազմում հաղթական գոլ խփեց Օլի Ուոթկինսը:
«Բրենթֆորդն» ու «Ասթոն Վիլան» խաղն ավարտեցին 10-ական ֆուտբոլիստով. 71-րդ րոպեին կոպիտ սահանկման համար ուղիղ կարմիր քարտով հեռացվեց տանտերերի ֆուտբոլիստ Բեն Մին, իսկ հիմնական ժամանակին ավելացված 7-րդ րոպեին ոչ սպորտային պահվածքի համար կարմիր քարտ ստացավ հյուրերի ֆուտբոլիստ Բուբաքար Կամարան:
«Արսենալը» միավորների քանակը հասցրեց 39-ի և առաջատարն է: «Ասթոն Վիլան» 38 միավորով բարձրացավ երկրորդ տեղ: Քիչ անց «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ տուրի իր հանդիպումը կանցկացնի 37 միավոր վաստակած «Լիվերպուլը»:
Անգլիայի Պրեմիեր լիգա, 17-րդ տուր
«Արսենալ» - «Բրայթոն»՝ 2-0 (տեսանյութ)
Գաբրիել Ժեզուս, 53, Կայ Հավերց, 87
«Բրենթֆորդ» - «Ասթոն Վիլա»՝ 1-2
Քին Լյուիս-Փոթեր, 45 - Ալեքս Մորենո, 77, Օլի Ուոթկինս, 85
Հեռացում՝ Բեն Մի, 71 - Բուբաքար Կամարա, 90+7