Անգլիայի Պրեմիեր լիգայի 33-րդ տուրի կենտրոնական խաղերից մեկում առաջատար «Արսենալը» կընդունի Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար պայքարող «Ասթոն Վիլային»։ VNews-ը ներկայացնում է հանդիպման անոնսը։
Միկել Արտետայի թիմը հրաշալի մրցաշրջան է անցկացնում: Լոնդոնցիները լավ շանսեր ունեն երկու ճակատում: Լոնդոնյան գրանդը 14 տարվա ընդմիջումից հետո հասավ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ և վատ տպավորություն չթողեց եվրոպական ճակատում:
Ներքին առաջնությունում «Զինագործները» նախորդ տուրում ջախջախեցին «Բրայթոնին» և միավորներով հավասարվեցին «Լիվերպուլին»: Այժմ հյուսիսային Լոնդոնը ներկայացնող ակումբն առաջին տեղը կիսում է մերսիսայդցիների հետ: Այդ պատճառով էլ առաջիկա հանդիպումն առանձնակի կարևորություն է ստանում:
Լոնդոնցիները մի քանի օր առաջ ոչ-ոքի խաղացին Մյունխենի «Բավարիայի» հետ: «Արսենալը» երկակի տպավորություն թողեց այդ մրցավեճում, սակայն կարևորն այն է, որ չպարտվեց:
Ստացվում է, որ բոլոր մրցաշարերում Արտետայի կոլեկտիվն առանց պարտությունների շարքը հասցրեց 8-ի՝ 6 հաղթանակ և 2 ոչ-ոքի:
«Արսենալի» առաջատարները շարքում են, բոլորն էլ գերազանց մարզավիճակում են: Վերջերս մարզավիճակի խնդիր ուներ Բուկայո Սական, սակայն անգլիացին ճիշտ ժամանակին ուղղեց նշանառությունը: «Բրայթոնի» հետ խաղում 22-ամյա եզրային հարձակվողը տաքացրեց մկանները, իսկ «Ռեկորդմեյստերի» հետ մրցավեճում ևս մեկը խփեց:

Այս հանդիպմանը լրացուցիչ փայլ կհաղորդի Սակայի և Օլի Ուոտկինսի դիմակայությունը:
Բիրմինգեմցիների հարձակվողն էլ լավ մարզավիճակում է: Մինչև մարտի սկիզբը 28-ամյա ֆուտբոլիստը գոլային ֆուրոր էր կազմակերպում, սակայն հետո հաջորդեց մեկամսյա գոլային երաշտը: Նախորդ տուրում Օլին դուբլ ձևակերպեց և բարձր տրամադրությամբ կժամանի «Էմիրեյթս»:
«Ասթոն Վիլան» նախորդ տարվա տպավորիչ շարքից հետո խամրեց ու բարդացրեց իր վիճակը, բայց Չեմպիոնների լիգայի գոտին հեռու չէ:
«Արսենալը» մոտիվացիայի պակաս չունի: «Զինագործներն» ահռելի աշխատանք են կատարել և եզրագծից առաջ չեն պատրաստվում թուլացնել տեմպը:
Այո՛, մրցաշրջանի վերջին հատվածն անչափ բարդ է, սակայն թիմն անհրաժեշտ կամք և վարպետություն ունի այս ռեբուսը լուծելու համար:
«Արսենալ» - «Ասթոն Վիլա» հանդիպումը «Fast Sport»-ի ուղիղ եթերում կլինի ապրիլի 14-ին՝ Երևանի ժամանակով 19:30-ին:


