Logo

Արսեն Զախարյանը և «Ռեալ Սոսյեդադի» մարզիչը՝ Լա լիգայում նորամուտի մասին

12:27 / 26.08.2023Ֆուտբոլ
null

«Ռեալ Սոսյեդադի» նորեկ Արսեն Զախարյանը Լա լիգայում նորամուտը նշելուց հետո կիսվել է տպավորություններով։ Ռուսաստանի ազգային հավաքականի 20-ամյա կիսապաշտպանը 75-րդ րոպեին փոխարինման էր դուրս եկել «Լաս Պալմասի» դեմ Իսպանիայի առաջնության երրորդ տուրի խաղում (0-0):

«Թե ինչը պակասեց թիմին հաղթանակի համար, դա կասի մարզիչը։ Ես 4 օր եմ այստեղ, այդ պատճառով չեմ կարող գնահատական տալ խաղին։

Իհարկե, նորամուտի համար կար անհանգստություն, քանի որ բոլորովին այլ աշխարհ է ինձ համար։ Աստիճանաբար կհարմարվեմ։ Խաղից առաջ մարզիչն ասաց, որ դուրս եմ գալու խաղադաշտ։ Ես պատրաստ էի, սակայն չգիտեի, թե որ րոպեին եմ մտնելու փոխարինման, այդ պատճառով նախավարժանք էի անում շուրջ մեկ ժամ»,- ասել է հայ ֆուտբոլիստը։  

Արսեն Զախարյանի նորամուտի խաղին անդրադարձել է նաև «Ռեալ Սոսյեդադի» գլխավոր մարզիչ Իմանոլ Ալգուասիլը․

«Ակնհայտ է, որ Արսենին բարդ վիճակի մեջ դրեցի։ Դրա պատճառն այն է, որ նա անհատապես հիանալի որակներ ունի։ Նա խաղացող է, որը լավ է պայքարում, կարողանում է միանալ տուգանային հրապարակում կատարվող գործողություններին, լավ փոխանցում ունի և լավ է եզրափակում գրոհները։ Զախարյանը տիրապետում է հրաշալի հարվածների։ Դրանում կարող էիք համոզվել, երբ նա անկյունային իրացրեց։ Նա չի կաշկանդվում ագրեսիվ խաղալուց։ Պետք չէր շատ լավ խաղ ակնկալել, քանի որ ընդամենը մի քանի օր է ունեցել հարմարվելու համար։ Արսենը մեզ շատ բան կարող է տալ»,- ասել է իսպանացի մասնագետը, հաղորդում է Okko Sport-ը։

Հիշեցնենք, որ Արսեն Զախարյանն օրեր առաջ է Մոսկվայի «Դինամոյից» տեղափոխվել «Ռեալ Սոսյեդադ», որի հետ կնքել է 6 տարվա պայմանագիր։ Տրանսֆերի արժեքը կազմել է 12 միլիոն եվրո։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա