Logo

Արսեն Զախարյան․ «Ցանկանում եմ ՉԼ-ում խաղալ Մխիթարյանի դեմ»

17:55 / 31.08.2023Ֆուտբոլ
null

Իսպանական «Ռեալ Սոսյեդադի» և Ռուսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանն անդրադարձել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանությանն և պատմել իր երազանքի մասին։

«Չեմպիոնների լիգայում խաղալը երազանքի իրականացում է։ Ցանկանում եմ ՉԼ-ի հիմնը լսել խաղադաշտում։ Հույս ունեմ, որ ապագայում կխաղամ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում։ Ընթացիկ խաղարկությունում կցանկանայի մրցել «Ինտերի» դեմ, որտեղ խաղում է Հենրիխ Մխիթարյանը։

Հրաշալի կլինի խաղալ այն ֆուտբոլիստի դեմ, որը եղել է մանկությանս կուռքը։ Բոլոր ակումբներում հետևել եմ Հենրիխի ելույթներին։ Մխիթարյանի կարիերան այդքան լավ ստացվեց, քանի որ նա ամբողջությամբ բացահայտեց իր տաղանդը և ճիշտ տարիքում տեղափոխվեց Եվրոպա։ Չեմ կարող ասել, որ մենք հաճախ ենք շփվում, բայց կապ պահպանում ենք։ Նա ինձ խորհուրդ է տվել, բայց չեմ կարող ասել՝ որն է այդ խորհուրդը»,- Նոբել Առուստամյանի հետ հարցազրույցում նշել է 20-ամյա ֆուտբոլիստը։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանությունը կկայանա օգոստոսի 31-ին և Երևանի ժամանակով 20:00-ից կլինի «Ֆասթ Սպորտի» ուղիղ եթերում։ «Ռեալ Սոսյեդադն» ընդգրկված է վիճակահանության չորրորդ, իսկ Իտալիայի գավաթակիր «Ինտերը»՝ երկրորդ զամբյուղում։ 

Արսեն Զախարյանն օրեր առաջ 6 տարվա պայմանագիր էր կնքել «Ռեալ Սոսյեդադի» հետ, որի կազմում արդեն նորամուտն է նշել Իսպանիայի առաջնությունում։ Տրանսֆերի համար Լա լիգայի ներկայացուցիչը 12 միլիոն եվրո է վճարել Մոսկվայի «Դինամոյին»։ Պայմանագրում նշված է 75 միլիոն եվրո հրաժարագին։

Զախարյանը «Դինամոյի» սան է, 2021 թվականից խաղում էր մոսկովյան ակումբի գլխավոր թիմում, որի կազմում անցկացրած 89 խաղում դարձել է 19 գոլի և 25 գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt-ը հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ