Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանն անդրադարձել է Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նոյեմբերի 20-22-ը կայանալիք ըմբշամարտի բանակայինների աշխարհի առաջնությանը, որին Հայաստանի թիմը չի մասնակցի ուժեղագույն կազմով։
«Հարգելի ընկերներ,
Վերջին ամիսների ընթացքում մենք անդադար աշխատել ենք՝ պատրաստվելով մեր երկրում անցկացվող «Բանակային աշխարհի առաջնությանը»։ Մեր թիմը մեծ ջանքեր է ներդրել՝ հասնելու լավագույն մարզավիճակին: Մենք խստորեն հետևել ենք դիետային, հաղթահարել ֆիզիկական ու հոգեբանական բարդություններ՝ մեր երկրի պատիվը բարձր պահելու նպատակով:
Սակայն օրեր առաջ մեզ տեղեկացրին, որ չենք կարող մասնակցել առաջնությանը մեր ուժեղագույն կազմով: Ավելի ցավալի է, որ մեր առաջատար ըմբիշներին՝ այն մարզիկներին, ովքեր մեծ հնարավորություն ունեին չեմպիոն դառնալու, պարզապես դուրս են հանել մրցաշարի կազմից: Մեզ ոչ մի հստակ պատճառաբանություն չեն ներկայացրել, թե ինչու ենք նման որոշման առջև կանգնել:
Այս իրավիճակը մեզ համար չափազանց դժվար է՝ հոգեբանորեն և ֆիզիկապես: Այն աշխատանքը, որ կատարել ենք, այն զոհողությունները, որ կատարել ենք, մնում են անարդյունք:
Սիրելի լրագրողներ, մենք չենք կարող պատասխանել ձեր իսկ տրված հարցերին, քանի որ մենք ինքներս չգիտենք պատճառը։ Հստակ պատասխան իմանալու համար կապ հաստատեք ՊՆ մամուլի խոսնակի հետ և ձեր հարցերը հղեք նրանց: Մենք հստակ տեղեկատվություն չունենք պատճառների հետ կապված»,- ֆեյսբուքյան էջում գրել է ըմբիշը։
Բանակայինների աշխարհի առաջնությանը մասնակցելու է 24 երկրի շուրջ 400 ըմբիշ: Մասնակիցների թվում է նաև Թուրքիայի հավաքականը, որի կազմում ընդգրկվել են աշխարհի, Եվրոպայի չեմպիոններ ու մրցանակակիրներ։
Արսեն Հարությունյանից բացի, առաջնության չեն մասնակցի այժմ ժամկետային զինծառայության մեջ գտնվող Մալխաս Ամոյանը, Վազգեն Թևանյանը, Արման Անդրեասյանը և Մանվել Խնձրցյանը: