Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականն առանց երկու առաջատար մարզիկների է մասնակցելու Վարշավայի միջազգային մրցաշարին։
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի հաղորդմամբ՝ նախապես հայտարարված կազմից բացակայում են Արսեն Հարությունյանը (61 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ)։ Թևանյանը չի մասնակցի վնասվածքի պատճառով, իսկ Հարությունյանին մարզիչներն աշխարհի առաջնությունից առաջ հանգստանալու հնարավորություն են տվել։
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչներն էլ հանգստանալու հնարավորություն են տվել աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանին (77 կգ):
Հիշեցնենք, որ Լեհաստանի միջազգային մրցաշարը կկայանա հուլիսի 20-24-ը։ Մրցագորգ կվերադառնա նաև հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն, փոխչեմպիոն, բրոնզե մեդալակիր, աշխարհի եռակի չեմպիոն ու Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, որը Տոկիո-2020 Օլիմպիական խաղերից հետո մրցաշարերի չի մասնակցել։


