Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Դավթյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների չեմպիոն։
Ռումինիայի Մամայա քաղաքում կայացած պատանեկան ԵԱ-ում հայ շախմատիստն առաջին խաղափուլում պարտվելուց հետո տարել է 8 անընդմեջ հաղթանակ՝ 9 հնարավորից վաստակելով 8 միավոր:
Առաջնության շրջանակում Դավթյանը լրացրել է նաև միջազգային վարպետի նորմա: Դա Արսենի երրորդ նորման էր:
Բենիկ Ագասարովն արծաթե մեդալակիր է դարձել մինչև 14 տարեկանների պայքարում։ Բենիկը, չկրելով ոչ մի պարտություն, 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր:
Լատվիան ներկայացնող հայ շախմատիստուհի Ագնեսա Տեր-Ավետիսյանն 9 հնարավորից հավաքել է 7.5 միավոր և նվաճել մինչև 16 տարեկան աղջիկների չեմպիոնի կոչումը։
Պատանեկան ԵԱ-ում Հայաստանն ուներ 36 շախմատիստ՝ 26 տղա և 10 աղջիկ: Առաջնությունն անցկացվել է 12 տարիքային խմբերով՝ Մ8 տղաներ, Մ10 տղաներ, Մ12 տղաներ, Մ14 տղաներ, Մ16 տղաներ, Մ18 տղաներ, Մ8 աղջիկներ, Մ10 աղջիկներ, Մ12 աղջիկներ, Մ14 աղջիկներ, Մ16 աղջիկներ, Մ18 աղջիկներ։